Ադրբեջանի քաղաքական վտարանդիները մեկնաբանել են Մեհրիբան Ալիևայի փոխնախագահի պաշտոնում նշանակման փաստը


Ադրբեջանի քաղաքական վտարանդիները մեկնաբանել են Մեհրիբան Ալիևայի փոխնախագահի պաշտոնում նշանակման փաստը
Փետրվար 22 19:02 2017

Ադրբեջանի քաղաքական վտարանդիները 2017-ի փետրվարի 21-ին Ստրասբուրգում հանդիպել են այլ երկրների քաղաքական վտարանդիների հետ, ինչի ընթացքում քննարկվել է նաև Իլհամ Ալիևի տիկնոջը` Մեհրիբան Ալիևային Ադրբեջանի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակման հարցը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական radioazadlyg.org-ը: Քննարկումների արդյունքում «Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» քաղաքական վտարանդիների կազմակերպությունը փաստաթուղթ է հրապարակել, որում ասվում է. «Կազմակերպությունը արդեն նշել է, որ 2016-ի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցել է օրենքի բազմաթիվ խախտումներով և ժողովրդի կամքին հակառակ»: Ինչպես Ադրբեջանի մյուս ընդդիմադիր կուսակցությունները այնպես էլ «Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպությունը հրաժարվել է հանրաքվեին մասնակցելուց, և չի ընդունում հանրաքվեի արդյունքները: «Կազմակերպությունը գտնում է, որ հանրաքվեի արդյունքում հաստատված սահմանադրական փոփոխությունները խախտում են Ադրբեջանում քաղաքական հավասարակշռությունը և գործող նախագահ Իլհամ Ալիևին տալիս աննախադեպ իշխանություն»,- ասված է փաստաթղթում:
Կազմակերպության հրապարակած փաստաթղթում նշվում է, որ Իլհամ Ալիևը կնոջը առաջին փոխնախագահի պաշտոնին նշանակելով, խախտել է իր իսկ կողմից 2014-ի հունվարի 13-ին ստորագրած՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքը, որի 7.1-րդ հոդվածով պաշտոնատար անձանց մերձավորներին, բացի ընտրովի պաշտոններից, արգելվում է ազգականների հետ միասին աշխատելը, իսկ Ադրբեջանում փոխնախագահների պաշտոնը նշանակովի է: «Իլհամ Ալիևի կողմից Մեհրիբան Ալիևային այդ պաշտոնում նշանակելը հանդիսանում է հովանավորչության կոպիտ դրսևորում, ինչը հակասում է ժողովրդավարության սկ զբունքներին և խախտում Ադրբեջանի մյուս քաղաքացիների իրավունքները»,- նշվում է հայտարարության մեջ: Ադրբեջանում այս նշանակումը և ապագայում Ադրբեջանի նախագահի կողմից հարազատների մյուս նշանակումները ուղղված են լինելու Ադրբեջանում բռնատիրական ռեժիմի ամրապնդմանը:
«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի կազմակերպությունը ափսոսանք է հայտնում, որ երկրի ներկայիս իշխանությունները շարունակում են իշխող վարչակարգի հետ չհամաձայնող քաղաքացիների և լրագրողների, բլոգերների հետապնդումները, ճնշումներն ու ձերբակալությունները: Այս բոլոր քայլերը Ադրբեջանում կոպտորեն խախտում են մարդու իրավունքները»,- ասվում է կազմակերպության կողմից հրապարակված հայտարարության մեջ: «Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպությունը դիմելով բոլոր ժողովրդավարական ուժերին կոչ է անում համախմբել և հայտնել իրենց դիրքորոշումը Ադրբեջանում աստիճանաբար խորացող բռնապետության և իշխող կլանի կամայականությունների վերաբերյալ:
«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպության հիմնադիրները կազմակերպել են «Ադրբեջանը 2017-2027 թթ. մեր տեսլականն ու առաքելությունը» խորագրով համաժողով, որը տեղի կունենա Պրահայում 2017-ի մարտի 3-4-ը»,- նշված է հայտարարության մեջ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջը` Մեհրիբան Ալիեւային փետրվարի 21-ին նշանակել է առաջին փոխնախագահի պաշտոնում, ինչը մեծ իրարանցում է առաջացնել Ադրբեջանի ժողովրդավարական շրջանակներում: