ԱԳՆ լրատվականի անգործությունը. կարեւոր հանդիպումներ, որոնք տեղ չեն գտել ԱԳՆ կայքում (լուսանկարներ)


ԱԳՆ լրատվականի անգործությունը. կարեւոր հանդիպումներ, որոնք տեղ չեն գտել ԱԳՆ կայքում (լուսանկարներ)
Փետրվար 22 18:07 2017

Հայաստանի Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Նալբանդյանը երբեք չի ընդունում իր հասեցին հնչող այն քննադատությունները, թե իր ղեկավարած գերատեսչությունն այնքան ուշ է արձագանքում այս կամ այն երեւույթին, որ այն իմաստազրկվում է: Մեկ անգամ չէ, որ նման դեպքեր արձանագրվել են: Նալբանդյանն օրինակ միակ է Կառավարության անդամներից, որ անցնող տարին ամփոփում է հաջորդ տարվա փետրվարին: Մի կողմից հասկանալի է, որ երկրի արտաքին դիվանագիտության պատասխանատուն բազմազբաղ անձ է, տարբեր երկրներ է այցելում, բազմաթիվ հանդիպումներ ունենում: Բայց ինչով է զբաղված մի ամբողջ գերատեսչություն, եւ հատկապես այդ կառույցի լրատվական ծառայությունը:
Օրինակ երեկ պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել Էդվարդ Նալբանդյանը: Ռուսական մամուլն այսօր հրապարակել է բազմաթիվ տեղեկություններ Նալբանդյան- Լավրով հանդիպումից: Հայաստանի Արտգործնախարության պաշտոնական կայքում զետեղված է միայն մեկ տեղեկություն, այն է, թե մեկնարկել է Նալբանդյանի այցը Մոսկվա:

Մեկ այլ ուշագրավ փաստ: Արտգործնախարարությունը պաշտոնական կայքում ունի Արտաքին դիվանագիտություն բաժինը: Այստեղ տեղադրվում են նյութեր այն մասին, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանները տարբեր երկրներում հանդիպումներ են ունենում: Այս բաժնում էլ վերջին թարմացումը կատարվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին:

Ըստ ԱԳՆ կայքի 2017 թվականին արտաքին դիվանագիտության ոլորտում որեւէ իրադարձություն չի եղել: Միտումնավոր, թե պատահականության սկզբունքով ԱԳՆ կայքում չի տեղադրվել տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այս տարի պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը Մոսկվա էր մեկնել այս տարվա հունվարի 24-ին:


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ այս տարի հասցրել է լինել Ճապոնիայում: Այդ մասին բնականաբար ԱԳՆ կայքում որեւէ տեղեկություն չկա:
ԱԳՆ-ն բացարձակ անգործություն է դրսեւորել նաեւ Սերժ Սարգսյանի այցերի պարագայում: Ուսումնասիրեցինք նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Աարաբական Միացյալ Էմիրություններ: Այս բաժնում վերջին տեղեկությունը թարմացվել է 2014 թվականին: Մինչդեռ Սերժ Սարգսյանը 2016 թվականի դեկտեմբերի 11-ին պաշտոնական այցով եղել է ԱՄԷ-ում:

Ստացվում է, որ ԱԳՆ-ը գտել է, որ այս հանդիպումները երկրի համար կարեւոր նշանակություն չոեն ունեցել:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց: Վերջինս իր ղեկավար Նալբանդյանի նման «զբաղված» է: Փաստացի ստացվում է երկրի պետական բյուջեից գումարներ ստացող լրատվական կառույցը մատնված է անգործության: Բացի այդ ԱԳՆ կայքը ցանկացած երկրի այցեքարտն է, եւ այս կամ այն պաշտոնյան Հայաստան ժամանելուց առաջ ամենայն հավանականությամբ ուսումնասիրում է թե տվյալ երկիրն ինչ դիվանագիտական հարաբերություններ ունի այլ երկրների հետ, ինչ հանդիպումներ են եղել: Էդվարդ Նալբանդյանի ղեկակավարած կառույցը այդ առումով նրանց տալիս է զրոյական տեղեկատվություն:

Փայլակ Ֆահրադյան 

 

 



loading...