ՀՀ դեսպանը ներկայացրել է Ղարաբաղի խնդրի էությունը. քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում


ՀՀ դեսպանը ներկայացրել է Ղարաբաղի խնդրի էությունը.  քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում
Փետրվար 22 13:25 2017

Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության և ֆիզիկական գոյատևման` Ադրբեջանի կողմից արձակած ագրեսիայի և էթնիկ զտումների պայմաններում: Այս մասին, փետրվարի 21-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած «Միջազգային խաղաղություն և անվտանգության պահպանում. Հակամարտությունները Եվրոպայում» խորագրով բաց քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է արվել Եվրոպայում այսպես կոչված «սառեցված» հակամարտություններին, ներառյալ Կիպրոսում, Ուկրաինայում, Մոլդովայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այդ թվում` ԼՂ հիմնահարցին: Ընդգծվեց հակամարտությունների խաղաղ կարգավորմանն, ինչպես նաև  հակամարտությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերի ամրապնդման կարեւորությունը, այդ թվում` տարածաշրջանային մեխանիզմների միջոցով:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը` որպես մարդու իրավունքների, ազատության և ինքնորոշման համար պայքար, որն առաջացել է ի պատասխան կանոնավոր բնույթ կրող խտրականությունների եւ բռնությունների: «Սա պայքար է, որն ականատես եղավ հայերի հանդեպ ջարդերին Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ վայրերում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր ապագան ազատ որոշելու օրինական պահանջին: Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության և ֆիզիկական գոյատևման` Ադրբեջանի կողմից արձակած ագրեսիայի և էթնիկ զտումների պայմաններում: Սա պայքար է բարբարոս վարչակարգի դեմ, որը խելացնոր կերպով փառաբանում է 2004թ. հայ սպային կացնահարած մարդասպան Սաֆարովին: Սա պայքար է համատարած հայատյացություն և հայերի հանդեպ անհանդուրժողականություն քարոզող վարչակարգի կողմից իրավասության հավակնությունների դեմ: Սա կենաց-մահու եւ ազատության պայքար է», - նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։

Անդրադառնալով 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիային, դեսպան Մնացականյանը նշել է, որ հայկական կողմը մշտապես տեղեկացրել է Անվտանգության խորհրդին տեղի ունեցած բարբարոսությունների և ոճրագործությունների մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ուժի կիրառումը` որպես հակամարտության ռազմական լուծում: Նշվել է, որ փոխարենն անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնություններն իրագործելու ուղղությամբ` խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու նպատակով: Խոսքի ավարտին Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի երախտագիտությունն է արտահայտել միջազգային հանրությանը, մասնավորապես Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ցուցաբերվող հետեւողական և անվերապահ աջակցության համար: