Արման Սահակյանի «Ֆազը», կրտսեր Բաբլոյանի «այցն» ու ՍԱՍ-ի Արտակի սպառնալիքները


Արման Սահակյանի «Ֆազը», կրտսեր Բաբլոյանի «այցն» ու ՍԱՍ-ի Արտակի սպառնալիքները
Փետրվար 22 13:14 2017

Թիվ 2 ընտրատարածքը, որն ընդգրկում է Երեւանի Արաբկիր, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանները ընտրությունները խոստանում են լինել բավականին թեժ: Այս ընտրատարածքից իշխանությունն առաջադրել է Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ Արթուր Գեւորգյանին: ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով թիվ 2 ընտրատարածքում առաջադրվել է նաեւ Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը: Նույն ընտրատարածքից խորհրդարան մտնելու ցանկություն է հայտնել նաեւ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը:

Մամուլում արդեն իսկ տեղեկություններ կան, որ Արման Սահակյանը դեռ պատգամավոր չդարձած՝ թաղային հեղինակություններին պաշտոնների խոստումներ է տալիս։ Աջափնյակում վերջինիս աջակցում է հայտնի թաղային հեղինակություն Գրիգոր Գրիգորյանը՝ մեկ այլ հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի (Ֆազի) եղբայրը։ Սահակյանին՝ պատգամավորական մանդատը ձեռքին տեսնելու գործին է լծվել նաեւ վերջինիս կինը: Երեկ armtimes.com-ը հրապարակեց ձայնագրություն, որում հստակ լսվում էր, թե ինչպես է Սահակյան Արմանի կինը զբաղված քաղաքացիների գրանցման գործընթացով: «Ցանկացած մարդ, առավել ևս` իմ կինը, իմ թիմակիցները, բնական է, որոշակի նախապատրաստական աշխատանքներ պետք է տանեն: Բա եթե մարդու հարազատն իր ընտրվելու մասին չմտածի, ո՞վ պետք է մտածի: Ի՞նչ է ասել էդ մարդը, էդ մարդը հո չի՞ ասել` տարել ենք, գրանցել ենք», - տեղի ունեցածը փորձել է մեկնաբանել կրտսեր Սահակյանը:

Ինչ վերաբերում է նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՍԱՍ-ի Արտակին, ապա արդեն իսկ կան տեղեկություններ, որ վերջինս իրեն պատկանող սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին սպառնում է աշխատանքից ազատել, եթե վերջիններս իրենց գրանցումը չտեղափոխեն այն տարածքներ, որն ընդգրկում է Երեւանի թիվ 2 ընտրատարածքը: Այս մասին օրեր առաջ ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ ՍԱՍ-ի Արտակն էլ փորձել էր պատասխանել, բայց քանի որ 5 տարի պատգամավոր եղած ժամանակ ոչ մի անգամ միկրոֆոնից չէր օգտվել, չկարողացավ այն միացնել: Սարգսյանի այս քայլն առաջացրել էր իր գործընկերների ծիծաղը:
Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում նաեւ Բաբլոյանի որդին: Վերջինս օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տեղադրել, գրելով. «Արման Բաբլոյանի այցը Արաբկիր բժշկական կենտրոնում բուժում ստացող փոքրիկին»: Նկատենք մեկ հանգամանք. Արաբկիր բժշկական կենտրոնը պատկանում է Բաբլոյանների ընտանիքին, եւ սեփական հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկին բժշկի ստուգայցը, որպես այց ներկայացնելը, մեղմ ասած, սիրուն չէ: Բացի այդ, ինչպես ստացվեց, որ հենց կրտսեր Բաբլոյանը որոշեց այց կատարել իր իսկ հիվանդանոց, հայտնվեցին տեսախցիկները:

Հ. Գ. Մինչ իշխանությունները հայտարարում են, թե այս ընտրությունների՝ ազատ, արդար անցկացումը գերխնդիր է, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուները նախընտրական քարոզարշավը դեռ չսկսած սկսել են ոչ միայն իրենց գովազդել, այլեւ խորհրդարանի պատերից ներս հայտնվելու համար դիմում են տարատեսակ անօրինականությունների:

Փայլակ Ֆահրադյան