Թուրքական հեղինակավոր կայքն անդրադարձել է հայկական մանրանկարչության ու թռչնագրի ավանդույթներին


Թուրքական հեղինակավոր  կայքն անդրադարձել է հայկական մանրանկարչության ու  թռչնագրի ավանդույթներին
Փետրվար 22 02:08 2017

Թուրքական հեղինակավոր bianet.org կայքն անդրադարձել է հայկական մանրանկարչության ու հատկապես թռչնագրի ավանդույթներին: Մայրենիի միջազգային օրվան նվիրված հրապարակման մեջ թուրք լրագրող Սերդար Քորուջուն շեշտել է, որ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Արևտմտյան Հայաստանը հնագույն հայկական գրերի բնօրրանն է և միաժամանակ՝ ոչնչացման տարածքը:

«Որովհետև Թուրքիան այն վայրն է, որտեղ հեղինակվել են բացառիկ ձեռագրեր և միաժամանակ այն վայրը, որտեղ աշխատել են ամբողջովին ոչնչացնել այս թանկարժեք ձեռագրերը», - գրել է CNN-ի թուրքական ծառայության համախմբագիրներից մեկն ու Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» նախկին աշխատակից Սերդար Քորուջուն՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ հետցեղասպանական շրջանում հայերին պատկանած հազվագյուտ ձեռագրերն ու արվեստի նմուշները կամ ոչնչացվում էին կամ վաճառվում էին չնչին գրոշներով:

«Հայկական դպրոցների դռներն այլևս փակ էին, իսկ հայկական գրքերը թուրքերն օգտագործում էին շուկայում` պանիր կամ խուրմա փաթեթավորելու նպատակով», - գրում է լրագրողը` վկայակոչելով ժամանակի արաբ պաշտոնյաներից Ֆայեզ ալ Հուսեյնին:

Հոդվածագիրը շեշտում է, որ հայկական թռչնագրի ծագման և զարգացման կենտրոնը ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Արևմտյան Հայաստանի տարաքն է, թեև դրա բացառիկ օրինակներն այսօր հնարավոր է գտնել միայն Երևանում`Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

«Օրինակ՝ Վանում գտնվող Կտուց կղզու 500 ձեռագրերից միայն 200-ն է հաջողվել փրկել», - նշում է Քորուջուն:

Նշենք, որ թռչնագիրը զարդագրի տեսակ է, որի տառերը (հիմնականում գլխագիր) թռչունների պատկերներ են: Միջնադարյան հայկական ձեռագրերում թռչնագրով նշվում էր էջի կամ գլխի առաջին տառը: Հետագայում թռչնագրերը կիրառվել են տպագիր հրատարակություններում։