Մոսուլում ոչնչացվել է ԻՊ-ի անվտանգության ղեկավարը. «Աս-Սումարիա»


Մոսուլում ոչնչացվել է ԻՊ-ի անվտանգության ղեկավարը. «Աս-Սումարիա»
Փետրվար 21 19:38 2017

Մոսուլի օդանավակայանին փետրվարի 21-ին հասցված ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անվտանգության ղեկավարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Աբու Աբդալա անունով ջիհադականը իր երկու օգնականների հետ միասին փետրվարի 21-ի առավոտյան ոչնչացվել է օդանավակայանի գլխավոր մուտքի շրջանում: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ օդից ահաբեկիչների վրա գրոհել է անօդաչուն:
Միջազգային օդանավակայանը գտնվում է Մոսուլի արեւմտյան մասում, որը դեռեւս վերահսկվում է ծայրահեղականների կողմից: Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է այնտեղից զինյալների վտարման ռազմարշավն սկսելու մասին այն բանից հետո, երբ հունվարի վերջին ազատագրվեց Արեւելյան Մոսուլը:
Նախօրյակին ռազմական գործողության հրամանատար Աբդել Ամիր Յարալան հայտնել է, որ ՆԳ նախարարության արագ արձագանքման ստորաբաժանումները հասել են տրանսպորտային հանգույցի մատույցներին եւ գրավել իշխող բարձունքներ: Տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ զինյալները ծանր կորուստներ են կրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



loading...