Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ ճնշումները


Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ ճնշումները
Փետրվար 20 20:02 2017

Փետրվարի 18-ին և 20-ին Ադրբեջանում գործող «Ազատութուն» թերթի 6 աշխատակիցներ կանչվել են գլխավոր դատախազություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Դատախազությունում թերթի աշխատակիցներին թերթի գործունեության և ֆինանսական միջոցների վերաբերյալ հարցեր են տվել, սակայն նրանց կարծիքով դա իշխանության կողմից հերթական հետապնդման և ճնշման փորձ է:
Ընդդիմադիր գործունեություն ծավալող թերթի աշխատակիցները սրանից առաջ ևս բազմազան պատրվակներով բազմիցս կանչվել են դատախազություն և տարբեր հարցաքննությունների ենթարկվել:
Ադրբեջանում ձերբակալվել է նաև ընդդիմադիր գործունեություն ծավալող լրագրող Էլչին Իսմայըլլըն , ով հանդիսանում է Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության անդամ:
Լրագրողը ձերբակալվել է իշխանության ներկայացուցիչների անօրինական գործունեությունը բացահայտող հոդվածներ գրելու համար:
Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը, նրանց դեմ ուղղված հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները: