ՀԱՊԿ-ում որոշ գործողություններ մեր սրտով չեն, բայց ՀՀ անդամակցության անհրաժեշտությունն իրեն չի սպառել. Սերժ Սարգսյան


ՀԱՊԿ-ում որոշ գործողություններ մեր սրտով չեն, բայց ՀՀ անդամակցության անհրաժեշտությունն իրեն չի սպառել. Սերժ Սարգսյան
Փետրվար 20 15:00 2017

Այո՛, ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Այս մասինՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին, նա մասնավորապես, նշել է.

«Գլոբալ մակարդակում Հայաստանը շարունակելու է իր ներդրումն ունենալ անվտանգության, կայունության ամրապնդման եւ միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձեւավորման գործում։ Դրա վկայությունն է Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ մի շարք առաքելություններին։

Ես մեծ հպարտություն եմ ապրում այն ժամանակ, երբ հանդիպելով արտասահմանցի իմ գործընկերներին, ինչպես նաեւ արտգործնախարարներին եւ պաշտպանության նախարարներին, որոնցից լսում եմ դրվատանքի խոսքեր հայ խաղաղապահների մասին:

Շնորհակալ եմ հայ զինվորականներին՝ առաջին հերթին նրանց, որոնք պատրաստում են այդ զորախմբերը եւ, իհարկե, նրանց, ովքեր անդամ են այդ զորախմբերի՝ Հայաստանի անունը եւ պատիվն այդքան բարձր պահելու համար:

Հայաստանի անվտանգության կարեւորագույն տարրերից մեկն է Հայաստանի եւ Ռուսաստանի ձեւավորած ռազմական դաշինքը: Այն ունի շատ հարուստ պատմություն եւ ավանդույթներ, քանի որ հայ եւ ռուս զինվորականները երբեք չեն եղել խրամատների տարբեր կողմերում:

Այնուամենայնիվ, որեւէ ռազմական դաշինք չի կարող հիմնված լինել միայն հույզերի վրա: Այս դաշինքը հիմնված է փոխադարձաբար հստակ գիտակցված ընդհանուր շահերի եւ անհրաժեշտության վրա:

Այն անփոխարինելի է այս տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար: Հայաստանը շարունակելու է բարեխղճորեն կատարել իր բոլոր դաշնակցային պարտավորությունները ինչպես հայ-ռուսական դաշինքի, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում:

Ուզում եմ, որպեսզի բոլորդ շատ հստակ գիտակցեք, որ այո՛, նաեւ ՀԱՊԿ շրջանակներում տեղի են ունենում իրադարձություններ, գործողություններ, ելույթներ, որոնք մեր սրտով չեն, բայց ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի գործողությունը, կամ ելույթը, կամ ընդհանրապես պահվածքը մեզ համար երբեք չեն կարող հիմք հանդիսանալ խոսելու այն մասին, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին արդեն սպառել է անհրաժեշտությունը: Սա, ուղղակի անթույլատրելի է:

Միաժամանակ, մենք շարունակելու ենք աշխույժ դրական օրակարգ ձեւավորել Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության եւ դրա անդամ պետությունների հետ՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության հետագա ամրապնդման նպատակով: Այս բոլորը կարեւոր գործոններ են մեր մյուս հարեւանի՝ Թուրքիայի անբարյացակամ, եթե չասենք՝ թշնամական, քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չեզոքացնելու համար:

Վերջին շրջանի ուրախալի լուրերից մեկն էր Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Մենք պետք է ամենայն ուշադրությամբ հետեւենք այս ուղղությամբ զարգացումներին: Առանց գերագնահատելու մեր հնարավորությունները՝ պետք է հետեւողականորեն խրախուսենք այդ համաձայնության կողմերին՝ բարեխղճորեն կատարել իրենց ստանձնած պարտականությունները:

Հայաստանը պետք է իր ուժերի չափով իր լուման ներդնի միջուկային եւ զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների չտարածման ռեժիմների ամրապնդման գործի մեջ: Այս առումով, անշուշտ, կարծում եմ՝ բոլորիս են անհանգստացնում Կորեայի թերակղզում տեղի ունեցող զարգացումները»:



loading...