Վանաձորում անիշխանությունը շարունակվում է. Քրիստ Մարուքյան


Վանաձորում անիշխանությունը շարունակվում է. Քրիստ Մարուքյան
Փետրվար 20 11:14 2017

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Տեղի ՀՀԿ-ական իշխանությունը տարբեր առիթներով պնդում է, որ ավագանու նիստ կարող են գումարել ցանկացած ժամանակ և նույնիսկ ընդամենը ավագանու 9 անդամի ներկայությամբ։ Հասել են ընդհուպ այն համոզմունքին, որ ավագանու ինստիտուտն ինքնին անիմաստ է և նիստերի չկայացումը որևէ կերպ չի խոչընդոտում համայնքապետի և համայնքապետարանի աշխատանքներին։

Իրականությունն այն է, որ վանաձորցու համար այդպես էլ չբացվեց ՀՀԿ-ի խոստացած «նոր էջը», կառավարման համակարգի մեջ որևէ բան չի փոխվել, մոտեցումների մեջ՝ առավել ևս։ Մենք շարունակում ենք ականատեսը լինել օրենքի հետևողական խախտումներին։ Մասնավորապես, ՏԻՄ օրենքի 62-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է ավագանու հերթական նստաշրջանների ժամանակահատվածները, ըստ այդմ՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նույն հոդվածն ասում է, որ նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Սույն թվականի փետրվար ամսվա երկրորդ երեքշաբթին վաղուց անցյալում է, այսինքն նստաշրջանն սկսված է, իսկ ավագանու նիստ, ինչպես գիտեք, այդպես էլ չի հրավիրվել։

Ուստի, մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ

• Վանաձորի ավագանու կազմում ՀՀԿ-ն չունի մեծամասնություն,
• օրենքը որևէ հնարավորություն չի տալիս ավագանու նիստեր հրավիրել և անցկացնել 9-ը անդամով,
• առանց ավագանու կողմից կարևոր որոշումների կայացման և վերահսկման գործառույթների իրականացման, որևէ էական փոփոխություն տեղի չի ունենում քաղաքում։

Հետևաբար, կառավարությունը պետք է օգտագործի իրեն ընձեռնված օրինական լծակները, լուծարի ավագանին և նշանակի նոր ընտրություններ։ Հակառակ պարագայում, սույն թվականի ապրիլի 10-ին, դա տեղի կունենա օրենքի ուժով։ ՏԻՄ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում»։



loading...