Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից. օգտակար խորհուրդներ


Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից. օգտակար խորհուրդներ
Փետրվար 19 11:14 2017

Կիտրոնը վաղուց հայտնի պրոֆիլակտիկ և վիտամինային միջոց է: Կիտրոնի հյութը հարուստ է Բ, Ց, Ե, ՊՊ խմբի վիտամիններով, հանքային նյութերով: Այս յուրահատուկ միրգը, շատերի հավաստմամբ, ժողովրդական բժշկության հիմնաքարերից է: Ներկայացնում ենք իրավիճակներ, երբ ձեր ամենամեծ օգնականը կարող է լինել կիտրոնը, և դեպքեր, երբ կիտրոնի օգտագործումն ուղղակի հակացուցված է:


Մաշկի համար
Կտրեք կիտրոնից մի կտոր և քսեք դեմքին: 1-2 րոպեում այն կմաքրի մաշկը մահացած բջիջներից, կլավացնի դեմքի գույնը և մաշկը կդարձնի ավելի առաձգական: Կիտրոնի հյութը հատկապես օգտակար է, եթե մաշկը յուղոտ է, ծակոտկեն և հակված է բշտիկներով պատվելու: Պետք է պարզապես խառնել կիտրոնի հյութը ջրին` 1:1 հարաբերությամբ և այդ լուծույթով մաքրել դեմքը առավոտյան և երեկոյան:
Կիտրոնի հյութով այդ լոսյոնը կարող է կանխել գարնանային պեպենների ակտիվացումը: Պետք է այդ լուծույթի մեջ թրջել անձեռոցիկը, քնելուց առաջ դնել դեմքին և պահել 15 րոպե: Անձեռոցիկը հեռացնելուց հետո երեսը պետք չէ լվանալ:


Արմունկների համար
Ընդամենը 10-15 րոպե է պետք տրամադրել և մեկ կտոր կիտրոն, բայց ամեն օր: Կիտրոնը կիսեք և շրջանաձև շարժումներով դրանով մերսեք արմունկները, ծնկները: Հետո լվացվեք տաք ջրով և սնուցող քսուքով պատեք նույն հատվածները: Որոշ ժամանակ անց կնկատեք գույնի փոփոխություն և մաշկի առողջացում:
Բերանի խոռոչի համար
Կրկին խառնեք ջուր և բերանի հիգիենայի համար նախատեսված կիտրոնի հյութ: Ողողեք բերանն օրական մի քանի անգամ և պահպանեք թարմության զգացողությունը` վերջ դնելով վատ հոտին, կանխարգելելով կարիեսն ու լնդերի արյունահոսությունը:

Եղունգներն ամրացնելու համար
Ամեն երեկո մի կտոր կիտրոնով մերսեք եղունգները: Դա կօգնի խուսափել շուտ կոտրվելու և երկատվելու խնդրից:
Մազերի խնամք
Ջուրը, որով պետք է պարզաջրեք մազերը լվանալուց հետո, խառնեք կիտրոնի հյութի հետ: Այն ամրացնում է մազերը, փայլեցնում և աստիճանաբար ազատում է թեփից:
Ոտքերի համար
Եթե շաբաթական 2-3 անգամ մեկ կիտրոնի հյութի և մի քանի լիտր ջրի խառնուրդով ոտքերի լոգանք ընդունեք, կազատվեք տհաճ հոտից և կթեթևացնեք հագնածությունը:
Ժողովրդական բժշկության կողմնակիցներն ասում են, որ կիտրոնի կեղևը կարող է ազատել ուժեղ գլխացավից, նույնիսկ` միգրենային: Պետք է այն դնել կոպերին` ներսային անկյուններում և պահել 15-20 րոպե:

Կիտրոնի հյութը լավ է նաև հաճախակի թմրող մկանների թուլացման համար: Եթե, օրինակ, ձեր ոտքերն են թմրում, քսեք կիտրոնի հյութը տվյալ հատվածին և պահեք մինչև չորանալը: Պետք չէ լվանալ: Լիմոնն անփոխարինելի է նաև փորկապության, ատամնացավի դեպքում: Այն հակաբորբոքային հատկություններ ունի, միզամուղ է, կալիում պարունակելու հաշվին կարող է ծառայել` որպես հակաճնշումային միջոց: Կիտրոնի հյութը կանգնեցնում է արյունահոսությունը քթից, իսկ օրական մի քանի կտոր կեղևով կիտրոն ուտելը լավացնում է ինքնազգացողությունը, բարձրացնում դիմադրողականությունն ու օրգանիզմի տոնուսը: Այն անփոխարինելի միջոց է հղիության ընթացքում տոքսիկոզի դեպքում, ինչպես նաև աթերոսկլերոզի կանխարգելման համար:
Կիտրոն չի կարելի օգտագործել, եթե դուք ստամոքսի կամ 12-մատնյա աղիքի խոց ունեք, բարձր թթվայնությամբ գաստրիտ կամ աղիքների բորբոքում: Այն արգելվում է քրոնիկ պանկրեատիտի, էնտերոկոլիտի, խոլեցիստիտի և սուր նեֆրիտի դեպքում: Կիտրոնի հյութի չափից շատ օգտագործումը կարող է վնասել ատամների էմալը, իսկ այս ցիտրուսի յուղը կարող է մաշկային ալերգիկ ռեակցիա առաջացնել, ինչից խուսափելու համար պետք է նախապես այն փորձարկել ափի հակառակ մակերեսին: