Կանադացի նախկին պատգամավոր Ջիմ Կարիջիանիսը որպես միջազգային դիտորդ կժամանի Արցախ` մասնակցելու հանրաքվեին


Կանադացի նախկին պատգամավոր Ջիմ Կարիջիանիսը որպես միջազգային դիտորդ կժամանի Արցախ` մասնակցելու հանրաքվեին
Փետրվար 18 19:44 2017

Չնայած Ադրբեջանի իշխանությունների շարունակական ջանքերին` խոչընդոտելու օտարերկրյա դիվանագետների, պատգամավորների և դիտորդների այցը Արցախ, Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ջիմ Կարիջիանիսը որպես միջազգային դիտորդ կժամանի Արցախ` ներկա գտնվելու փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեին:

Այս մասին հայտնում է The Armenian Weekly պարբերականը` նշելով, որ Արցախի անկախության և ժողովրդի ինքնորոշման իրավունքի երկարամյա ջատագով Կարիջիանիսը Արցախ է այելելու Կանադայի «Հայ դատի» հանձնախմբի խնդրանքով: 2012-ին Կարիջիանիսը ևս եղել է Արցախում և ղեկավարել կանադացի դիտորդների խումբը ԼՂՀ նախագահական ընտրությունների ժամանակ:

«Դրանք կատարյալ ընտրություններ էին` սկզբից մինչև վերջ, և նոր ժողովրդավարության ընտրությունների ընթացքին հետևելը դրական փորձառություն էր», - ժամանակին ընդգծել է Կարիջիանիսը:

«Կարիջիանիսի ճիշտ ժամանակին կատարելիք այցը Արցախ ևս մեկ ապացույց է, որ երիտասարդ հանրապետությունը ժողովրդավար և ամբողջովին ինքնուրույն պետություն է, որը ջանում է ազատություն ձեռք բերել և անկախության պաշտոնական ճանաչում ստանալ», - ասվում է Կանադայի «Հայ դատի» հանձնախմբի հայտարարության մեջ: