Մինչև 2020թ. ակնկալվում է Հայաստանում ապահովել առաջնային էներգիայի ավելի քան 37 տոկոս խնայողություն


Մինչև 2020թ. ակնկալվում է Հայաստանում ապահովել առաջնային էներգիայի ավելի քան 37 տոկոս խնայողություն
Փետրվար 16 16:14 2017

Էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլի միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 2020թ. Հայաստանում ապահովել առաջնային էներգիայի ավելի քան 37 տոկոս խնայողություն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանի խոսքով՝ 2010-2020թթ. էներգախնայողության ակնկալվող թիրախային ցուցանիշը գնահատվում է գրեթե 40 մլրդ կՎտժ.

«Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1-4 ԱՄՆ ցենտ, մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը գրեթե 7 ԱՄՆ ցենտ է։

Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության համար առավել մատչելի է էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, քան արտադրող նոր հզորությունների ավելացումը:

Այսօր Հայաստանում սպառվող առաջնային էներգակիրների շուրջ 67 տոկոսը ներկրվում է, ինչը խոցելի է դարձնում էներգետիկ անվտանգությունը։ Էներգաարդյունավետության խթանումը թույլ կտա նվազեցնել առաջնային էներգիայի պահանջարկը և կհանգեցնի ներկրվող վառելիքի ծավալների կրճատմանը:

-Էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները միտված են էներգիայի սպառման կրճատմանը։ Արդյունքում կբարելավվի էներգաարտադրության արդյունավետությունը, ինչը դրական ազդեցություն կունենա նաև սակագների ձևավորման վրա,- ասել է Վահագն Աթայանը: