Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը Հայաստանում


Վրաստանի ՆԳՆ պատվիրակությունը Հայաստանում
Փետրվար 23 14:49 2018

Փետրվարի 23-ին Հայաստան ժամանեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Լևան Կակավան, Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի պետ Թոռնիկե Մուշուկուդիանին, այլ պաշտոնատար անձինք:
«Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայաստանի ոստիկանությունում վրաց գործընկերներին ընդունեցին հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում ցուցադրական ելույթով հանդես եկավ պատվո պահակախումբը:
Այնուհետև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների ավանդական գործընկերությունը և ընդգծելով առարկայական արդյունքները, որ արդեն իսկ արձանագրել է երկու բարեկամ երկրների իրավապահների համատեղ աշխատանքը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գիորգի Գախարիան համոզմունք հայտնեց, որ ոստիկանական կառույցների սերտ գործակցությունը հանցավորության դեմ պայքարում ավելի կխորանա՝ պայմանավորված մարտահրավերներին միասնաբար հակազդելու անհրաժեշտությամբ:
Վլադիմիր Գասպարյանը հավաստեց ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և կարևորեց երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա փոխգործակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային պարգևատրեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

 



loading...