Արմեն Սարգսյանն առաջադրվեց ՀՅԴ-ից և ՀՀԿ-ից. Աղվան Վարդանյանը մանրամասներ է պատմել Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից


Արմեն Սարգսյանն առաջադրվեց ՀՅԴ-ից և ՀՀԿ-ից. Աղվան Վարդանյանը մանրամասներ է պատմել Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից
Փետրվար 23 14:23 2018

Այսօր Ազգային ժողովում փակ դռների հետևում Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել իր պատկերացումները իր գործունեության, ինչպես նաև Հայաստանի զարգացման ուղղությունների վերաբերյալ, այսօր հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Պետք է ասեմ, որ սա մի ելույթ էր, որը իսկապես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պատկերացումից, ցանկությունից նույնական է, և եթե մենք այս պատկերացումների շրջանակում կարողանանք քրտնաջան աշխատել ու հետևողական լինել, վստահ եմ, որ այդպիսի պետություն մենք ունենալու ենք կարճ ժամանակում», - նշեց Աղվան Վարդանյանը։

Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք նախագահի թեկնածուին չեն ասել, որ որպես նախագահ, իրենից ոչինչ կախված չէ։ Ի պատասխան Դաշնակցական պատգամավորը հորդորեց կարդալ Սահմանադրություն, քանզի նման հարցը «ոչ ճիշտ պատկերացման արդյունք է»։

«Մեր նոր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը պետության գլուխն է, Հանրապետության նախագահը կարող է ուղեկցող լինել Ազգային ժողովին և իր գործառույթները Սահմանադրության ոգուց են բխում, իսկ դա նշանակում է, որ շատ բան կախված է պետության գլխից», - հստակեցրեց Վարդանյանը։

Անդրադառնալով այն տեսակետներին, որ Արմեն Սարգսյանին առաջադրում են ոչ թե Հանրապետական, Դաշնակցություն կուսակցությունները, այլ մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Այն պատկերացումները, որ ունի Արմեն Սարգսյանը, ամբողջովին համահունչ են Աղվան Վարդանյանի պատկերացումներին՝ երկրի ապագայի հանդեպ և իր գործառույթների վերաբերյալ»։

Դաշնակցական պատգամավորն ասաց, որ անհրաժեշտ քանակի ստորագրությունները և մի բան էլ ավելին, հավաքվել են. ստորագրել են Դաշնակցություն և Հանրապետական խմբակցությունների պատգամավորները։