Կմշակվի Ռեֆերենս լաբորատորիայի որակի ապահովման պլան


Կմշակվի Ռեֆերենս լաբորատորիայի որակի ապահովման պլան
Փետրվար 23 12:38 2018

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակը, Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի և հսկողության ռազմավարական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիային շարունակական աջակցություն է տրամադրում: Այն ուղղված է մասնավորապես` մանրէաբանական լաբորատոր ծառայություններում միջազգային ИСО 15189:2012 չափորոշիչներին համահունչ «Որակի կառավարման համակարգի» ներդրմանը:
ԱՀԿ փորձագետի առաջին աջակցող այցը կազմակերպվել է 2017 թվականի սեպտեմբերին: Այժմ մասնագետները կրկին Հայաստանում են:
Աջակցող այցերի նպատակն է Ռեֆերենս լաբորատորիայի և մարզային 5 մասնաճյուղերի լաբորատորիաների ղեկավար անձնակազմին ներկայացնել ԱՀԿ-ի կողմից մշակված «Լաբորատորիայի որակի աստիճանական ներդրման ( Laboratory Quality Stepwise Implementation- LQSI) գործիքակազմը և սովորեցնել առօրյա գործընթացում այդ գործիքակազմի կիրառման սկզբունքները:
Այցի ավարտին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի ղեկավար անձնակազմը` ԱՀԿ-ի փորձագետի աջակցությամբ կմշակի լաբորատորիայի որակի ապահովման պլան` ելնելով նախորդ աջակցող այցի ընթացքում լաբորատորիայի կարողությունների LQSI ստուգացուցակով իրականացված գնահատման արդյունքներից:

 



loading...