Քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում անընդունելի է.Արմեն Սարգսյան


Քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում անընդունելի է.Արմեն Սարգսյան
Փետրվար 22 20:31 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանի համար քաղբանտարկյալ որևէ երկրում լինելու խնդիրը անընդունելի է:

«Ինձ համար կրկնակի կամ եռակի անընդունելի է՝ եթե խոսքը վերաբերում է մեր երկրին: Ես վերջերս շատ ինտենսիվ կարդում եմ երևույթի մասին, և իհարկե, ինձ աջակցում են այդ իմաստով նաև հոդվածները, որ ստացել եմ զանազան կազմակերպություններից՝ մարդու իրավունքների հետ կապված, հասարակական կազմակերպություններից», - ասել է Ա.Սարգսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում։

Նրա խոսքով, քաղբանտարկյալը դա անհատ է, որ․․․ կարելի է բաժանել երկու մասի. այն անհատին, որ իր խղճի, որ խիղճ ասելով հասկանում են և՛ քաղաքական համոզմունքներ, և՛ կրոնական կամ ազգային․․․ այլ սկզբունքներ, որի համար ինքը պատժվում է:

«Իհարկե, հաճախ քաղբանտարկյալ են անվանում  անհատների, որոնք, ելնելով ինչ-որ սկզբունքներից, անհամաչափ ուժ են կիրառում ինչ-որ նպատակի համար: Առաջին դեպքում ինձ համար ընդունելի չի այդ խումբը մարդկային, որ իրենց «խղճի բանտարկյալներն են»: Իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում անեք, որևէ միջազգային կազմակերպություն, դեռևս ես չեմ տեսել, որ հայտարարի, որ այո, Հայաստանում այսինչ անհատը քաղբանտարկյալ է: Եթե հանրության մեջ, քաղաքացիական հասարակության մեջ կամ զանազան կազմակերպությունների մեջ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, հարցնեք, ապա նրանք ձեզ ինչ-որ ցանկ կտան», - ասել է Ա.Սարգսյանը։

Նրա խոսքով, յուրաքանչյուր դեպքում պետք է առանձին քննարկում լինի, ոչ թե սկզբունքային, որովհետև յուրաքանչյուր դեպքը առանձին դեպք է:

«Հանրապետության նախագահը պետք է այս հարցին շատ լուրջ ուշադրություն դարձնի՝ նպատակ ունենալով բացառել Հանրապետությունում քաղբանտարկյալների երևույթը: Այս հարցը լուծելու համար, շատ հստակ է, որ և՛ քննչական, և՛ դատական մարմինները պետք է համապատասխան բարձր որակ ունենան և լինեն իրենց բարձրության վրա», - նշել է Ա.Սարգսյանը։