ՄԱԿ-ը կոչ է անում հրադադար հաստատել Արևելյան Գուտայում


ՄԱԿ-ը կոչ է անում հրադադար հաստատել Արևելյան Գուտայում
Փետրվար 22 19:48 2018

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պատրաստվում են հինգշաբթի քվեարկություն անցկացնել Սիրիայի Արևելյան Գուտա պաշարված շրջանում ժամանակավոր հրադադար հաստատելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է CNN-ը, քվեարկությունը հաջորդում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանը, որով վերջինս սիրիական այդ հատվածում շրջափակման մեջ գտնվող քաղաքացիների կյանքը նկարագրել էր որպես «դժոխք Երկրի վրա»:

Բանաձևը, որը նախօրեին քվեարկության է ներկայացվել Շվեդիայի և Քուվեյթի կողմից, կոչ է անում 30-օրյա հրադադար սահմանել Դամասկոսի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող արվարձանում, որտեղ երկրի կառավարական ուժերի իրականացրած ռմբակոծության հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել այս շաբաթ:

Հրադադարն անհրաժեշտ է առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարման և վիրավորների տարհանման համար:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ Արևելյան Գուտայում կիրակի օրվանից ի վեր 335 մարդ է զոհվել, որոնց թվում՝ 79 երեխա և 50 կին: Եվս 1745 մարդ վիրավորվել է: