Երիտասարդ բնապահպան անվանակարգում հաղթել է «Դինգո» թիմի հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը


Երիտասարդ բնապահպան անվանակարգում  հաղթել է «Դինգո» թիմի հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը
Փետրվար 22 17:43 2018

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2017» ծրագրի եզրափակիչ փուլին և պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
Ծրագրի նպատակն է հանրային կյանքին երիտասարդների մասնակցության խթանումը, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության մակարդակի բարձրացումը, որն իրականացվում է 2017թվականի ընթացքում նշանակալի հաջողություններ ցուցաբերած երիտասարդների, երիտասարդական խմբերի եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների խրախուսման, նրանց ձեռքբերումների արժևորման միջոցով:
Մրցանակներ են հանձնվել երիտասարդ բնապահպան, գյուղատնտես, գիտնական, մշակութային գործիչ/կոլեկտիվ/, հայրենիքի պաշտպան, աշխատող, մարզիկ, հայրենադարձ և գործարար անվանակարգերում։
Երիտասարդ բնապահպան անվանակարգում համաժողովրդական առաջադրման և քվեարկության արդյունքում ընտրվել էին Նարեկ Ադամյանի, Գոռ Գևորգյանի, Օվսաննա Հովսեփյանի թեկնածությունները։ Տեղում կազմակերպված քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել, կենդանիների պաշտպանության բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչ, փողոցային շներին օգնելու նպատակով հետևողական միջոցառումներ իրականացնող, «Դինգո» թիմի հիմնադիր և ղեկավար Օվսաննա Հովսեփյանը։
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, հաղթողին փոխանցելով մրցանակը, իր խոսքում կարևորել է միջոցառման կազմակերպման գաղափարը և շնորհակալություն հայտնել մրցանակակրին՝ ծավալած գործունեության համար։ Խ Հակոբյանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը բարձր է գնահատում և մշտապես աջակցում է բնապահպանության՝ մասնավորապես կենդանիների պահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններին և անհատներին։