Ասֆալտի գործարան կառուցելու ծրագիր ունեցող իրանահային կարագ կտրելու լարով խեղդամահ են արել


Ասֆալտի գործարան կառուցելու ծրագիր ունեցող իրանահային կարագ կտրելու լարով խեղդամահ են արել
Փետրվար 22 16:20 2018

1in.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գեորգի Սաֆարյանի գործի դատական քննությունը:

Գեորգի Սաֆարյանին մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործության՝ շահադիտական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Սպանությունը, որի համար մեղադրվում է Գեորգի Սաֆարյանը, կատարվել է 22 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին, Երևանում:

Գեորգի Սաֆարյանը գտնվել է միջազգային հետախուզման մեջ, նա Ռուսաստանում ապրել է ուրիշի անվան տակ ու հայտնաբերվել է սպանությունից 20 տարի անց՝ 2015 թվականին: Սաֆարյանը արգելանքի տակ է առնվել Ռուսաստանում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան:

1995 թվականի հունվարի 26-ին կատարված սպանությունը մեղսագրվել է ոչ միայն Գեորգի Սաֆարյանին: Ըստ գործի քննության արդյունքների՝ սպանությունը եղել է նախապես ծրագրված ու խմբակային:

1995 թվականի հունվարի 28-ին Երևանի Կոմիտասի պողոտայի 25/2 շենքի 26 բնակարանում հայտնաբերվել է բնակարանատիրոջ՝ Իրանի քաղաքացի Հայկ Աբրահամյանի դիակը՝ բռնության հետքերով:

Սպանությունը բացահայտվել է կարճ ժամանակում:

Տուժող Հայկ Աբրահամյանը մի քանի տղաների հետ Երևանում ծանոթացել էր 1994 թվականին ու մեկնել էր Իրան: Երևան էր վերադարձել 1995 թվականի հունվարին:

Հունվարի 22-ին Հայկ Աբրահամյանը հանդիպել էր երևանյան ընկերներից՝ Գեղամ Մախմուրյանին և անզգուշություն էր ունեցել անկեղծանալու, թե խոշոր գումար է բերել հետը՝ Հայաստանում ասֆալտի գործարան կառուցելու նպատակով:

Մախմուրյանն իր հերթին Հայկի մոտ եղած խոշոր գումարի մասին տեղեկացրել էր իր ընկեր Արթուր Թադևոսյանին:

Ուրիշի ունեցվածքը հափշտակելու նպատակով, ըստ մեղադրանքի, Արթուր Թադևոսյանը ներգրավել էր նոր ընկերների՝ Գեորգի Սաֆարյանին, Արման Պետրոսյանին ու Վահան Կուրղինյանին: Կատարել էին դերաբաշխում, պատրաստել էին հանցագործության գործիքներ:

Որոշել էին Հայկ Աբրահամյանին սպանել թունավորման եղանակով:

Ըստ մեղադրանքի՝ Գեորգի Սաֆարյանը, գյուղատնտեսական ակադեմիայի ուսանող լինելով, ակադեմիայից թունավոր նյութ էր վերցրել:

Ծրագրել էին այդ նյութը խառնել Հայկի ըմպելիքին: Բայց հաշվի էին առել, որ հնարավոր է՝ թույնը անհրաժեշտ ազդեցությունը չունենա: Նախապատրաստել էին նաև սպանության «պահեստային» տարբերակ, դրա համար անհրաժեշտ գործիք էին ձեռք բերել:

Ըստ մեղադրանքի՝ 1995 թվականի հունվարի 26-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում 4 երիտասարդները՝ Արթուր Թադևոսյանը, Գեորգի Սաֆարյանը, Արման Պետրոսյանն ու Վահան Կուրղինյանը, գնացել էին Հայկ Աբրահամյանի շենքի մոտ:

Վահան Կուրղինյանը մնացել էր բակում՝ անհրաժեշտության դեպքում ընկերներին սուլոցով նախազգուշացնելու նպատակով: Մյուս 3-ը գնացել էին Հայկի բնակարան: Նրանք դատարկաձեռն չէին՝ գարեջուր էին տարել իրենց հետ:

Ըստ մեղադրանքի՝ գարեջրի շշերից մեկի մեջ ներարկիչով ներարկված էր թունավոր նյութը:

Այդ շշից, ըստ մեղադրանքի, Գեորգին գարեջուր էր լցրել Հայկի բաժակի մեջ: Հայկը խմել ու տասը րոպե անց քնել էր:

Հասկանալով, որ թույնի ազդեցությունը մահացու չէ, Հայկը ոչ թե մահացել, այլ քնել է, հանցակիցները, ըստ մեղադրանքի, որոշել էին գործի դնել նաև Հայկին սպանելու «պահեստային» տարբերակը: Արթուրը բռնել էր Հայկի ոտքերը, Արմանը՝ գոտկատեղը: Գեորգի Սաֆարյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած գործիքով՝ երկու ծայրերին փայտե բռնակներ ունեցող մետաղալարով, որով ժամանակին կարագ էին կտրում, խեղդամահ է արել Հայկ Աբրահամյանին:

Տանտիրոջը սպանելուց հետո բնակարանում իրենց պատկերացրած խոշոր գումարը չէին գտել, ձեռքներն ընկած արժեքավոր իրերը հափշտակել ու հեռացել էին:

Օրեր անց սպանությունը բացահայտվել էր, բռնվել էին Արթուր Թադևոսյանն ու Գեղամ Մախմուրյանը:

1997 թվականին հայտնաբերվել ու կալանքի տակ էր առնվել Վահան Կուրղինյանը:

Նրանք դատապարտվել էին իրենց կատարած արարքի համար, կրել էին պատիժները: Պատժի կրումից ազատվելուց հետո Արթուր Թադևոսյանը մահացել է…

Գեորգի Սաֆարյանի ու Արման Պետրոսյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված: Արման Պետրոսյանը հետախուզման մեջ է մինչև հիմա:

2014 թվականի հունվարին Նոր Նորքի ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ հետախուզման մեջ գտնվող Գեորգի Սաֆարյանն ապրում է Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում:

Պաշտոնական հարցում է ուղարկվել Նովոկուզնեցկ, որտեղից, պատասխան է ստացվել, որ նշված տվյաներով անձ այնտեղ չի գտնվում:

Ենթադրելով, որ Գեորգի Սաֆարյանը կարող է Նովոկուզնեցկում բնակվել այլ անվան տակ ծպտված, իրավապահաները ռուս գործընկերներին ուղարկել են Գեորգի Սաֆարյանի արտաքինի վերաբերյալ տվյալներ: Այդ տվյալներին համապատասխանող հայ տղամարդ այնտեղ հայտնաբերվել է, սակայն այդ տղամարդն ուներ «Արմեն Առաքելյան» անուն-ազգանունը:

Նովոկուզնեցկից Հայաստան են ուղարկել «Արմեն Առաքելյանի» հայկական անձնագրի պատճենը: Անձնագրային հասցեով գնացած ոստիկանները հանդիպել են իրական Արմեն Առաքելյանին ու պարզել են, որ վերջինս 1995 թվականին կորցրել էր անձնագիրը, դրա մասին տեղյակ էր պահել ոստիկանությանն ու ստացել էր նոր անձնագիր:

Այնուամենայնիվ, ստուգվել է նաև Արմեն Առաքելյանի անձը, պարզվել է, որ նա առնչություն չի ունեցել Հայկ Աբրահամյանի սպանության համար դատապարտվածների հետ:

Նովոկուզնեցկից Հայաստան են ուղարկել այնտեղ բնակվող «Արմեն Առաքելյանի» մատնահետքերն ու լուսանկարները: Չնայած քսան տարում մարդը արտաքնապես բավական փոխվել, նույնիսկ ճաղատացել էր, բայց դիմագծերի նույնականացմամբ հաստատվել է, որ «Արմեն Առաքելյան» անուն-ազգանունը կրող քաղաքացին իրականում միջազգային հետախուզման մեջ գտնվող Գեորգի Սաֆարյանն է:

1995 թվականի ապրիլին նա Ռուսաստանում առնվել է արգելանքի տակ, ապա տեղափոխվել է Հայաստան:

Մեղսագրված արարքի՝ շահադիտական դրդումներով սպանության համար, որի դեպքում վաղեմության ժամկետ չի գործում, Գեորգի Սաֆարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատաքննության սկզբում նա առաջադրված մեղադրանքն անհիմն է անվանել, պնդել է, որ իր մեղքը հաստատող հիմնավոր ապացույցներ ձեռք չեն բերվել, ինքն ապօրինի կերպով է պահվում կալանքի տակ:

Դատական այս նիստին չէին ներկայացել գործով վկաները, որոնք պատշաճ ծանուցվել էին: Դատարանը որոշեց հաջորդ նիստին նրանց բերման ենթարկել:

Ամբաստանյալը պահանջեց շարունակել դատական նիստը: Նա ասաց. «Մեկ տարուց ավելի է անցել՝ նո՞ր են հիշում, որ վկաներին պիտի բերման ենթարկեն… Այդ վկաներն ինչքանո՞վ են կապված այս գործին, իմաստը ո՞րն է նրանց հարցաքննելու… Պետք է անցնել առաջ, արհեստական ձևով չերկարացնել…»:

Դատարանը որոշեց գործի քննությունը ողջամիտ ժամկետում կատարելու սկզբունքից ելնելով՝ փոխել ապացույցների հետազոտման կարգը:

Հաջորդ նիստին դատարանը կհարցաքննի բերման ենթարկվելիք վկաներին: Իսկ մինչ այդ՝ որոշվեց հետազոտել գործում առկա փաստաթղթերը:

Դատարանը հրապարակեց դեպքի վայրի՝ բնակարանի զննության արձանագրությունը:

Նշված էր, որ ահազանգ է ստացվել՝ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դիակ լինելու մասին:

Դեպքի վայր էին մեկնել իրավասու մարմինների ներկայացուցիչները, դատաբժիշկը, ինչպես նաև Իրանի դեսպանատան ներկայացուցիչը՝ նկատի առնելով, որ Իրանի քաղաքացու դիակ էր հայտնաբերվել:

Դեպքի վայրի զննությունը սկսվել է 13-ն անց 30-ին: 1995 թվականի հունվարն էր: Բնակարանում հոսանք չկար: Զննությունը տևել է այնքան, որքան հնարավոր էր բնական լույսի պայմաններում աշխատել:

Բնակարանը գտնվում էր երկրորդ հարկում: Միջանցքում «դեկորատիվ շուն» կար: Միջանցքի պահարաններում և լոգասենյակում իրերը խառնված չէին:

Բնակարանը երկու սենյականոց էր: Ճաշասենյակի շեմին ու սենյակում՝ հատակին, բացված վիճակում ճամպրուկներ կային: Ընդ որում՝ մեծ ճամպրուկների մեջ կային փոքր ճամպրուկներ, դրանց մեջ՝ ավելի փոքրերը…

Բազմոցին պառկած վիճակում տղամարդու դիակ կար՝ 1944 թվականին ծնված Հայկ Աբրահամյանն էր: Դիակը ծածկված էր վերմակով: Գլուխը բարձի վրա էր: Քթանցքերից ու բերանից արտադրություն էր եղել, վերնաշապիկն ու «վադալազկան» թրջված էին: Լեզուն ատամնաշարի արանքում էր՝ դուրս ընկած… Պարանոցին առկա էր հատկանշական ակոս…

Ճաշասենյակում կային գարեջրի, կոկա-կոլայի դատարկ տարաներ, օղու և լիկյորի՝ մասնավորապես՝ այն ժամանակ սիրված «Ամարետոյի» շշեր, դատարկ ծխախոտատուփեր ու լիքը մոխրամաններ…

Սենյակում կային այն ժամանակվա բնորոշ իրեր՝ նավթային լուսատու, երկու նավթավառ…

Գրապահարանում թղթերը անկանոն թափթփված էին…

Ննջարանում՝ մահճակալների վրա, հագուստ էր թափթփված… Որոշ զգեստապահարաններում հագուստը կախված էր կանոնավոր, դասավորությունը խառնված չէր…

Սենյակում եղած օղու շշերից, բաժակներից, գարեջրի տարաներից վերցվել են նույնականացման համար պիտանի մատնահետքեր…

Հաջորդ օրը նույն բնակարանում կատարվել է տեղատեսություն՝ տուժողի իրավահաջորդի մասնակցությամբ՝ վերջինս նշել է, թե բնակարանից ինչ գույք ու արժեքներ են բացակայում…

Զգեստապահարանում կախված բաճկոնի գրպանից հայտնաբերվել է տուժողի իրանական անձնագիրը, գումար… Բնակարանից, ըստ տուժողի իրավահջորդի, բացակայում էին ժամացույցներ, գումար, այլ իրեր…

Ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանը հայտարարեց. «Երեք տարի է՝ սպասում եմ ապացույցների հետազոտման փուլին…»: Ամբաստանյալը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բնակարանում եղել են ճամպրուկներ, տարբեր ապրանքներ, որոշ պահարաններում և բնակարանի որոշակի հատվածներում իրերը խառված չեն եղել՝ եթե գողության էին գնացել չորս-հինգ հոգով, ապա ամբողջ բնակարանը տակնուվրա կանեին…

Դատարանը հրապարակեց անձին սպանության կասկածանքով բերման ենթարկելու արձանագրությունը՝ բերման էր ենթարկվել Արթուր Թադևոսյանը:

Լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրության համաձայն՝ ցուցադրված լուսանկարներից Արթուր Թադևոսյանը ճանաչել էր չորրորդ լուսանկարը, որում պատկերվածը, նրա խոսքերով՝ Գեորգի Սաֆարյանն էր: Թադևոսյանը հայտնել է, որ Գեորգի Սաֆարյանը մասնակից է եղել սպանությանը, նա է լարով խեղդել տուժողին…

Տուժողի իրավահաջորդին ճանաչման են ներկայացվել Արթուր Թադևոսյանի տանից առգրավված որոշ առարկաներ, որոնց միջից նա ճանաչել է «բարխատյա մուգ կարմիր զարդատուփը», որի ներսում արաբական գրառում կար ու տարեթիվ՝ 1994, տուժող Հայկ Աբրահամյանին պատկանող ժամացույցը, որը մինչև դեպքը դրված էր լինում «տրիմոյի վրա», իսկ դեպքից հետո անհետացել էր, «իզոլենտ», որը Հայաստան էր բերվել Իրանից, շշով լիկյոր, որը եղել էր «սերվանտի մեջ»: Մատնացույց արված իրերը առգրավվել ու ճանաչվել են իրեղեն ապացույց:

Դատակենսաբանական փորձաքննության եզրակացությամբ՝

Հայկ Աբրահամյանի բնակարանում եղած մոխրամանի մեջ հայտնաբերված ծխախոտի 22 մնացորդից 6-ը Հայկի ծխածն էին, 11-ը՝ Արթուր Թադևոսյանինը, 5-ը՝ այլ անձանց ծխածները:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի մահը վրա էր հասել մեխանիկական շնչահեղձությունից՝ պարանոցի օրգանները օղով սեղմելու հետևանքով: Տուժողի պարանոցին առկա էր բնորոշ ճմլման ակոսը: Օղակը պարանոցին գցելու պահին տուժողը, ըստ եզրակացության, եղել է նստած կամ պառկած դիրքով: Օղակը նրա պարանոցին է գցվել հետևից… Տուժողի մոտ հայտնաբերվել է թեթև աստիճանի խմածություն…

Մատնադրոշմային փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի բնակարանում հայտնաբերված մատնահետքերից մի քանիսը թողնված էին Գեորգի Սաֆարյանի կողմից…

Պաշտպան Աննա Ջուվանովայի հարցին նախագահողը պատասխանեց, որ այս գործով իրեղեն ապացույցներ դատարան չեն ուղարկվել՝ իրեղեն ապացույցների մի մասը նախորդ դատավճիռներն ուժի մեջ մտնելուց հետո վերադարձվել է տուժողի իրավահաջորդին, ասել կուզի՝ իրեղեն ապացույցների տնօրնման հարցը արդեն լուծվել էր…

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում