Լիբանանի նախագահն այցելել է խորհրդարան


Լիբանանի նախագահն այցելել է խորհրդարան
Փետրվար 22 16:11 2018

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը փետրվարի 22-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի անդամներ:
Ողջունելով Լիբանանի Հանրապետության նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Խորհրդարանի ղեկավարն արժեւորել է Հայաստանի եւ Լիբանանի քաղաքական հարաբերությունները՝ պայմանավորելով դրանք բազմադարյան բարեկամությամբ, պատմական առնչություններով եւ հայ համայնքի մեծ դերակատարությամբ:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Միշել Աունի ներդրումը Լիբանանի կայունության, անվտանգության եւ զարգացման գործում:
Խոսելով լիբանանահայ համայնքի մասին՝ խորհրդարանի ղեկավարը փաստել է, որ նրանք առաջին հերթին Լիբանանի նվիրյալ քաղաքացիներ են եւ լիարժեք դերակատարություն ունեն երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ կրթական կյանքում:
Արա Բաբլոյանը կարեւորել է հայ-լիբանանյան միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը եւ պատգամավորական բարեկամական խմբերի համագործակցությունը:
Լիբանանի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է այցելելու Հայաստան:
Միշել Աունի խոսքով՝ Լիբանանը մշակութային բազմազանություն ունեցող երկիր է, որտեղ տարբեր ազգերի եւ դավանանքների տեր մարդիկ համերաշխ ապրում են կողք կողքի՝ հարգելով միմյանց: Լիբանանի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել է անվտանգության եւ կայունության ապահովումը:
Հանդիպման ավարտին Լիբանանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում: