Անդրանիկ Նիկողոսյանը հիմնադրամ է ստեղծել, որը կաշխատի Պուտինի հատուկ ուշադրության ներքո


Անդրանիկ Նիկողոսյանը հիմնադրամ է ստեղծել, որը կաշխատի Պուտինի հատուկ ուշադրության ներքո
Փետրվար 22 15:53 2018

Օրերս Մոսկվայում տեղի ունեցած ձեռնարակատերերի եւ հասարակական գործիչների հիմնադիր ժողովում Անդրանիկ Նիկողոսյանը որոշում էր կայացրել միջազգային մարդասիրական «Խաղաղություն» (Мир) հիմնադրամի ստեղծման մասին։ Ժողովին մասնակցել են հայտնի հասարակական ու քաղաքական գործիչներ, մշակութային էլիտայի ներկայացուցիչներ, հայտնում է  armtimes.com-ը։

Կազմակերպությունը հիմնադրվեց քննարկումների արդյունքում. այն միտված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ուշադրությամբ ապահովել արտերկրում ապրող ռուսների իրավական արդյունավետ պաշտպանությունը։ Կազմակերպության նպատակն է՝ հայրենակիցների միջեւ ուժեղացնել հումանիտար համագործակցությունը եւ ստեղծել մշակութային ծրագրերի աջակցման հարթակ։

Կառույցը հարթակ է ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման համար։ Նախատեսվում է այլ երկրներում ռուսական պատմության ու մշակույթի հուշարձանների կառուցում ու վերականգնում, պատմական գրքերի հրատարակում։ Ֆինանսական օգնություն է տրամադրվելու լուսավորությանն եւ հայրենասիրական դաստիարակությանն ուղղված ծրագրերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր արտգործնախարարությանը ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ նպատակ ունենալով մշակել արտերկրում ՌԴ քաղաքացիների իրավական պաշտպանության առաջարկներ։ Ծրագրի պատասխանատու էր նշանակված արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այժմ դրա հենքի վրա ստեղծվել է հիմնադրամը, որը ղեկավարելու է Անդրանիկ Նիկողոսյանը: Նա տարբեր տարիների պաշտոններ է զբաղեցրել պետական եւ ոչ պետական կառույցներում եւ որպես ռուսամետ գործիչ հայտնի է Հայաստանում: