Գագիկ Ծառուկյանը Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից


Գագիկ Ծառուկյանը Իվետա Տոնոյանին ազատել է աշխատանքից
Փետրվար 22 22:26 2018

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է ազատվել ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի մատուցած ծառայություններից: Ծառուկյանի որոշմամբ՝ երեկ Իվետա Տոնոյանն ազատվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից: Մոտ 10 օր առաջ էլ աշխատանքից ազատվել է հեռուստաընկերության կոմերցիոն տնօրեն Աստղիկ Ալավերդյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր հեռուստաընկերությունում տեղի է ունենալու ղեկավար կազմի ժողով, որտեղ էլ պետք է ներկայացվի նոր տնօրենը: Մեր հարցերին ի պատասխան, «Կենտրոն» հեռուստաընկերությունից հրաժարվեցին լուրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես գալ, սակայն ոչ էլ հերքեցին այն:

Իվետա Տոնոյանը մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան թողեց: Ըստ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրի, անորոշ է նաեւ Իվետա Տոնոյանի պատգամավորական մանդատի ճակատագիրը: Հայտնի չէ, թե Ծառուկյանն արդյո՞ք կպահանջի մանդատը վայր դնել, թե՞ ոչ:

Իվետա Տոնոյանը ղեկավարում է նաեւ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը, ինչպես նաեւ Ծառուկյանի մամուլի խոսնակն է:

Տեղի ունեցածի պատճառներին կանդրադառնանք առաջիկայում: