Կարապետյանի հանձնարարականը Գասպարյանին եւ Մարգարյանին


Կարապետյանի հանձնարարականը Գասպարյանին եւ Մարգարյանին
Փետրվար 22 11:31 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ վարչական գործերով ներկայացվող բողոքների վերաբերյալ որպես բացատրական խոսք՝ 2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձ էր կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման և վարչական դատարանի բեռնաթափման հարցին։ Կարապետյանը նշեց, որ Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր ուղղված նշված հարցերի կարգավորմանը։

«Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած, նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա և դատաքննության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ: Արդյունքում նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության վրա, նույնիսկ այն պարագայում, որ վերջերս Կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թվաքանակը ավելացվեց 3-ով»։

Ելնելով վերոնշյալից վարչապետը հանձնարարեց Ոստիկանության պետին և առաջարկեց Երևանի քաղաքապետին ՝ 1-ամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարանում ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ, ձևավորված է միասնական դատական պրակտիկա և նման դեպքերում ձեռնարկել ներկայացրած վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ։ Ինչպես նաև, առավել հաճախակի բողոքարկվող վարչական իրավախախտումների հստակեցման անհրաժեշտության դեպքում՝ ներկայացնել առաջարկություններ։

Կարապետյանը հանձնարարեց արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն Կառավարության աշխատակազմ։



loading...