Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությանը Ռոբերտ Քոչարյանը շփվել է բոլորի հետ․ «Հրապարակ»


 Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությանը Ռոբերտ Քոչարյանը շփվել է բոլորի հետ․ «Հրապարակ»
Փետրվար 22 09:26 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցնող 10 տարիներին այդպես էլ հնարավոր չեղավ երեք նախագահներին գոնե Հայաստանի համար կենսական միջոցառումների ժամանակ միասին տեսնել: Տեւական ընդմիջումից հետո նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Ստեփանակերտում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությանը:

Նա, ինչպես պատմում են մասնակիցները, եղել է բավականին անկաշկանդ, բարեւել-խոսել, որպիսություն է հարցրել բոլորից, անգամ` իր երբեմնի ընդդիմախոս, իր առնչությամբ Հաագայի դատարան դիմելու կողմնակից Դավիթ Շահնազարյանից: Ինչպե՞ս գտաք Ռոբերտ Քոչարյանին, բավականին ժամանակ նա գրեթե շփում չուներ քաղաքական իսթեբլիշմենթի հետ՝ հարցրինք տոնակատարության մասնակից, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանին։

«Նրա քայլը գնահատեցի խիստ դրական, հետաքրքրվեցինք միմյանց որպիսությամբ։ Կարծում եմ` Շարժման հետ կապված հարցերում բոլորը պետք է քարն իրենց փեշից թափ տան ու մեկտեղվեն։ Ես հույս ունեմ` մի օր դա կլինի»: Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես հրավիրված է եղել Ղարաբաղ, բայց չի մեկնել, անգամ չի մասնակցել Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կազմակերպած միջոցառմանը:

Հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանն այդ օրը չէր մեկնել Ղարաբաղ, ինչպես մյուսները, նախագահական մեր աղբյուրներն ասացին. «Տոնակատարության ֆորմատը որոշվել է հետեւյալ կերպ. հիմնական միջոցառումները կլինեն Ղարաբաղում` պարգեւատրումներ, մեծ շուքով համերգ` Ստեփանակերտի հրապարակում, իսկ Սերժ Սարգսյանը հանդես կգա ուղերձով, որը, ի դեպ, հասավ իր նպատակին` բոլոր առումներով. Ադրբեջանի ԱԳՆ-ն շատ ցավոտ արձագանքեց դրան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...