Արմեն Սարգսյանի «խորհրդավոր ընթրիքի» շարքը շարունակվում է․ «Ժամանակ»


Արմեն Սարգսյանի «խորհրդավոր ընթրիքի» շարքը շարունակվում է․ «Ժամանակ»
Փետրվար 22 08:34 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին անցնող օրերի ընթացքում տրված բազմաթիվ հարցերի շրջանակից դուրս է մնացել թերեւս ամենակարեւորն ու առանցքայինը՝ արդյոք ինչ է նա մտածում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին: Կասկածից վեր է, որ մի բան է նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Սերժ Սարգսյանի պարագայում, մեկ այլ բան է այլ վարչապետի պարագայում: Իհարկե, խոսքը միայն Արմեն Սարգսյանի մասին չէ, այլ իշխանական ամբողջ կառուցվածքի, սակայն տվյալ դեպքում նա է գլխավոր գործող անձը, բայց գլխավոր գործող անձին չի տրվել գլխավոր հարցը: Եվ սա ինքնին հարց է առաջացնում, թե ինչու եւ ինչպես:

Այս ֆոնին ուշ երեկոյան Արմեն Սարգսյանը հանդիպում է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, այդ հանդիպմանը, ի տարբերություն այս ընթացքում իր մյուս հանդիպումների՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, տալով բավականին ուշագրավ խորհրդավորություն, այսպես ասած՝ «խորհրդավոր ընթրիքի» տարբերակով: Ընդ որում՝ մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ նույն ռեժիմով է եղել նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, որը, փաստորեն, փոխադարձաբար չի տիրաժավորվել: Այդպիսով, Կարեն Կարապետյանի եւ Ծառուկյանի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումները միակ չտիրաժավորված հանդիպումներն են նրա «թեկնածուական տուրնեի» շրջանակում: Ըստ էության, սա Հայաստանի իշխանության շրջանակն է կամ Հայաստանի իշխանության «երկրորդ կիսագունդը»:

Իհարկե, առանձին հարց է Ծառուկյանի, Արմեն Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի փոխհարաբերությունների խնդիրը, ինչպիսին են լինելու դրանք, ինչպիսի պայմանավորվածություններ, տարաձայնություններ, բաժանարար գծեր ու մրցակցություն է լինելու նրանց միջեւ: Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Սակայն Ծառուկյանը, Սարգսյանն ու Կարապետյանը, ընդհանուր առմամբ, հարակից շրջանակով եւ բազայով հանդերձ, ըստ էության լինելու են կապիտալի այն երեք կետերը, որոնց վրա կանգնելու է Հայաստանի իշխանությունը: Հայաստանի իշխանությունն ուժի եւ կապիտալի իշխանությունն է: Կապիտալի կիսագունդը կկազմեն նրանք՝ եռյակը, իսկ ուժի կիասգնդին թերեւս հավակնում է Սերժ Սարգսյանը:

Անցնող տասնամյակում Հայաստանի իշխող համակարգն այդպես էլ չի ամբողջացել, երկու «կիսագնդերը» գործնականում չեն համադրվել իրար եւ դարձել ամբողջություն, ինչն էլ հանգեցրել է իշխանության համակարգային ճգնաժամի եւ անարդյունավետության: Մեծ հավանականությամբ այդ երկու կիսագնդերը շարունակելու են «չհամադրվել», եւ ուժն ու կապիտալը չեն ամբողջանալու, համենայնդեպս՝ տեսանելի ապագայում: Վարչապետի խնդիրը այստեղ խորքային առումով դադարում է լինել առանցքային, քանի որ չկա իշխանության ամբողջականություն:

Բանն այն է, որ անհամաչափ ուժի կիրառում համակարգը թույլ է տալիս միայն քաղաքացիների հանդեպ, իսկ ներքին հարաբերություններում անհամաչափ ուժը կարող է բերել կտրուկ ցնցումների եւ ճգնաժամի խորացման: Ըստ այդմ՝ ուժը վարչապետի ձեռքին առավելագույնը կլրացնի կապիտալի դեֆիցիտը, բայց չի ամբողջացնի իշխանությունը: Հայաստանում իշխանության հարցը շարունակելու է մնալ բաց, քանի դեռ չկա այդ ամբողջականությունը: Կառավարման խորհրդարանական մոդելը պարզապես ընձեռում է իշխանության բաց խնդրում համակարգի առավել ճկունություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում