Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել


Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել
Փետրվար 21 23:43 2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմիկի տղան Ռիյադ Ալիևը օրեր առաջ վիճաբանել է ճանապարհային ոստիկանների հետ:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ճանապարհային ոստիկանությունը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է կանգնեցրել, որում գտնվել է Ռիյադ Ալիևը: ՃՈ տեսուչը վարորդից պահանջել է փաստաթղթերը, ինչին ի պատասխան ավտոմեքենայի ուղևորներից Ռիյադ Ալիևը իջել է մեքենայից և բռունցքով հարվածել ՃՈ ավտոտեսուչին: Ոստիկանությունը դեպքի հանգամանքներն ուղարկել է Յասամալի շրջանի դատարան և դատարանը Ալիևին 30 օր վարչական կալանքի ենթարկելու վերաբերյալ որոշում է կայացրել:

Ադրբեջանի նման ավտորիտար երկրում, որտեղ ալիևյան բռնատիրական վարչակարգը երկիրը ղեկավարում է օրենսդրական խախտումներով և հակաժողովրդավարական մեթոդներով, Ալիևի մոտ ազգականին կալանավորելու վերաբերյալ որոշումը շատ արհեստական է թվում:

Ադրբեջանցի օգտատերերի կողմից սոցցանցերում կատարված գրառումներում առաջ է քաշվում այն պնդումը, որ Իլհամ Ալիևը, ով իր թեկնածությունն է առաջադրել ապրիլի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններին, փորձում է ընտրություններին ընդառաջ ժողովրդավարության և քաղաքացիների շրջանում հավասարության հաստատման իմիտացիա ստեղծել հասարակության որոշ շրջանակների ձայներն իր կողմը գրավելու նպատակով:



loading...