Զինվորական դատախազության նախկին դատախազը զորակոչիկի հորը դրդել է կաշառք տալ


Զինվորական դատախազության նախկին դատախազը զորակոչիկի հորը դրդել է կաշառք տալ
Փետրվար 21 16:03 2018

ՀՀ զինվորական դատախազության նախկին դատախազ Արմեն Համբարձումյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ զորակոչիկին առողջական խնդիրներ ունենալու հիմքով ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցն առաջարկել է պաշտոնատար անձանց կաշառք տալու միջոցով լուծել:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Համբարձումյանը 2015 թվականի մարտին իր ծանոթից` Սերգեյ Հակոբյանից տեղեկացել է վերջինիս որդու` Հովհաննես Հակոբյանի առողջական խնդիրների առկայության հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կարգավորելու վերաբերյալ ցանկության մասին, պահանջել և ուսումնասիրել է զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Դրանից հետո էլ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ Սերգեյ Հակոբյանին դրդել է 2.826.780 ՀՀ դրամին համարժեք 6.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց` վերջիններիս լիազորությունների շրջանակներում իր որդու օգտին գործողություններ կատարելու համար:

Քրեական գործով ամբաստանվում են նաև, Սերգեյ Հակոբյանը, Նվարդ Գևորգյանը և Մուշեղ Սարգսյանը:

Ըստ Նվարդ Գևորգյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, իր որդու` Արտյոմ Քոլյանի առողջական խնդիրների առկայության հիմքով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հարցը որևէ եղանակով կարգավորելու նպատակով դիմել է իր հարևան Մուշեղ Սարգսյանին և վերջինիցս 2017թ. փետրվարին տեղեկացել է, որ իր ազգականն առաջարկել է 2017թ. գարնանային զորակոչի ընթացքում 3 տարի ժամկետով տարկետում տրամադրելու հարցը կարգավորել համապատասխան պաշտոնատար անձանց 15.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք տալու եղանակով:

Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ Մուշեղ Սարգսյանի ազգականը, ով ըստ պայմանավորվածության պետք է լուծեր այդ հարցը, ՀՀ զինվորական դատախազության նախկին դատախազ Արմեն Համբարձումյանն է:

Արմեն Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 38-34-312-րդ 3-րդ մասի 1-ին կետով, Նվարդ Գևորգյանին՝ 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Մուշեղ Սարգսյանին՝ 34-313 –րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սերգեյ Հակոբյանին՝ 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արմեն Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո