Մարտի 1-ին վերաբերող «Ելք»-ի նախագիծը հանձնաժողովը մերժեց


Մարտի 1-ին վերաբերող «Ելք»-ի նախագիծը հանձնաժողովը մերժեց
Փետրվար 21 15:56 2018

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մի քանի ժամ քննարկումներից հետո մերժեց ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։

Կողմ էին միայն «Ելք» խմբակցության երկու պատգամավորներ՝ Էդմոն Մարուքյանը և Արտակ Զեյնալյանը, դեմ էին Հանրապետական և Դաշնակցություն խմբակցության պատգամավորները։ «Ծառուկյան» խմբակցության երեք պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին։

Փաստաթղթում, հիշեցնենք, նշվում էր, որ խորհրդարանը խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ՝ «2008 թվականի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»:

Ներկայացված նախագծով ՀՀ իրավապահ մարմիններից պահանջվում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։

Ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազությանը «Ելք»-ը կոչ էր անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։

Բացի այդ, պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին։

Նշենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել են ՀՀ քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Պետրոսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գևորգորյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը, Զաքար Հովհաննիսյանը։

1