«Ես զզվում եմ ձեր քաղաքական ուժից, բայց որ Փիլիպոսը լավ տղա է, կընտրեմ». Մարուքյան


«Ես զզվում եմ ձեր քաղաքական ուժից, բայց որ Փիլիպոսը լավ տղա է, կընտրեմ». Մարուքյան
Փետրվար 21 13:06 2018

Տարածքային ցուցակներով ընտրության արդյունքում մրցակցում են ոչ թե կուսակցությունները, նրանց ծրագրերը, այլ ինչ-որ մարդիկ, որոնք շատ փող ունեն, որոնք հնարավորություն ունեն մարդկանց վարչական միջոցներ կիրառել ու սպառնալ: Այս մասին, այսօր  ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ասնեք ասում են՝ Փիլիպոսին կընտրե՞ս: Պատասխանում է՝ ես զզվում եմ ձեր քաղաքական ուժից, բայց որ Փիլիպոսը լավ տղա է, կընտրեմ: Ու էդպես ձայները հավաքվում է: Մենք այն ժամանակ էլ դեմ ենք եղել տարածքային ցուցակներով ընտրություններին, հիմա էլ դեմ ենք: Սա, ըստ էության, քաղաքական համակարգ չէ, այն բրենդների պայքարի, գաղափարախոսական պայքարի չի բերել»,-ասաց Մարուքյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նշեց, որ թեեւ ժամանակին իրենց քաղաքական ուժը այս հարցում կոնսեսուս է ունեցել իշխող ՀՀԿ-ի հետ, բայց դա չի նշանակում, որ հիմա իրավունք չունեն դեմ հանդես գալ այդ ընտրակարգին: Նա հիշեցրեց, որ Սահմանադրության մեջ նշված է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով եւ ոչ մի բառ չկա մեծամասնական ընտրակարգի մասին, իսկ տարածքային ցուցակներով ընտրությունը, ըստ էության, նույն մեծամասնական ընտրակարգն է:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգը ոչ թե քաղաքական պայքար էր, այլ պայքար էր ուրիշ ունակությունների մեջ: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր էին հոգեհանգստի արարողության տպավորություն հիշեցնող սեւ վերնաշապիկներով կանգնում ընտրական հանձնաժողովների դիմաց եւ ուղեկցում այսպես կոչված մոլորյալ կամ չկողմնորոշված ընտրազանգվածին»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն առաջարկում են ընտրական օրենսգրքից հանել տարածքային ցուցակներով ընտրակարգը, այսինքն առաջարկում են անցնել պարզ համամասնական ընտրակարգի: