Նորատուսցի Ալիկի և մյուսների արյունոտ «ռազբորկայի» գործով իրեղեն ապացույցները «կորել» են


Նորատուսցի Ալիկի և մյուսների արյունոտ «ռազբորկայի» գործով իրեղեն ապացույցները «կորել» են
Փետրվար 21 12:22 2018

1in.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝ ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատական այս նիստում դատարանը սկսեց իրեղեն ապացույցների հետազոտումը: Բացվեցին մի քանի կնիքված փաթեթներ, որոնցում սպանվածների հագուստներն էին, ինչպես նաև՝ դեպքի վայրի բազմոցների ծածկոցները, նույնիսկ՝ մեկ բարձ:

Դահլիճ բերված բոլոր փաթեթներ բացվեցին, սակայն պարզվեց, որ իրեղեն ապացույցների մի մասը՝ պարկուճները, հեռախոսները, լազերային կրիչները, հիշյալ փաթեթներում չկան:

Դատախազները տեղից հավաստիացնում էին, որ այդ ապացույցներն ուղարկվել են դատարան, մասնավորապես՝ լազերային կրիչները մեկ առանձին փաթեթում են եղել փաթեթավորված:

Սովորաբար՝ լազերային կրիչները ոչ թե իրեղեն ապացույցների՝ շոր ու ծածկոցի տոպրակների մեջ են լինում, այլ հիմնականում՝ ծրարների մեջ փակված-կնիքված՝ կցված են լինում քրեական գործի հատորների այն մասերում, որտեղ այդ կրիչների զննության արձանագրություններն ու լուսանկարչական հավելվածներն են:

Այս դեպքում, ստացվում է, իրեղեն ապացույցների մի մասը իրեղեն ապացույցների զննության փուլում դատարանի դահլիճ չէր բերվել: Դատարանը չի զննել նաև այս դեպքի ժամանակ կիրառված զենքերը՝ հրազեն, դանակ՝ եթե դրանք որպես իրեղեն ապացույց առգրավված ու կցված են քրեական գործին:

Նախագահող դատավորը ստիպված եղավ տասը րոպեով ընդմիջում հայտարարել՝ ասելով. «Փորձենք հայտնաբերել մյուս իրեղեն ապացույցները»:

Ընդմիջումն ավելի երկար տևեց, քան՝ հայտարարված տասը րոպեն: Սակայն ընդմիջումից հետո նիստը չշարունակվեց:

Նախագահողը հայտարարեց, որ դատարանը հետազոտեց դատարան ուղարկված իրեղեն ապացույցները: Եվ մեղադրող դատախազները պետք է պարզեն՝ բացակայող իրեղեն ապացույցներն ուղարկվե՞լ են դատարան, թե՞ ոչ: Նախագահողը նաև պատճառաբանեց, թե այլ նիստ ունի նշանակված:

Այս դատական նիստը հետաձգվեց մինչև մարտի 13-ը:

Նիստից հետո մեղադրող դատախազները, պատասխանելով լրագրողների հարցերին, հաստատուն պնդեցին, որ այս գործով բոլոր իրեղեն ապացույցներն ուղարկվել են դատարան, դրանք պետք է որ գտնվեն դատարանում՝ իրեղեն ապացույցների պահման հատուկ սենյակում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում