Սաուդացիները չեն կարողանում կշտանալ հայկական խոհանոցի համից. Arab News-ի անդրադարձը


Սաուդացիները չեն կարողանում կշտանալ հայկական խոհանոցի համից. Arab News-ի անդրադարձը
Փետրվար 20 23:11 2018

Սաուդյան Արաբիայի խոշորագույն անգլալեզու կայքերից մեկը՝ Arab News-ը, ուշագրավ անդրադարձ է արել հայկական խոհանոցին՝ պատմելով, թե ինչպես են ավանդական հայկական կերակրատեսակներն ավելի լայն տարածում գտնում սաուդացիների շրջանում:

Հեղինակ Շաիստա Խանն անդրադարձը սկսել է Հայաստանի և Թուրքիայի միջև տարբեր կերակրատեսակների իրական «տերը» լինելու հարցի շուրջ խոհանոցային վեճով՝ նկատելով, որ երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձավարով ու մսով պատրաստվող շիլան՝ հարիսան, ճանաչեց թուրքական, դա շատ զայրացրեց հայերին: Մինչդեռ երբ նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն լավաշը հայկական ճանաչեց, բողոքի ալիք բարձրացավ ոչ միայն Թուրքիայում, այլև Ադրբեջանում, Իրանում, Ղրղզստանում ու Ղազախստանում:

«Եվ մինչ հայերը, թուրքերն ու ադրբեջանցիները շարունակում են վիճել խոհանոցային հարցի շուրջ, մի բան ակնհայտ է. սաուդացիները չեն կարողանում կշտանալ հայկական խոհանոցի համից»,- գրում է հեղինակը՝ մանրամասնելով, որ Սաուդյան Արաբիայում առաջին հայկական խոհանոցը՝ «Լուսին»-ը, բացվել է 2009թ.՝ մայրաքաղաք Էր Ռիադում:

Ռեստորանի մյուս մասնաճյուղերն ավելի ուշ բացվել են Ջեդդա ու Էլ Խուբար քաղաքներում, ինչը վկայում է սաուդացիների շրջանում հայկական խոհանոցի լայն տարածման ու պահանջարկի մասին:
«Հայկական խոհանոցին բնորոշ է սեզոնային ու թարմ մթերքների օգտագործումը»,- գրում է հեղինակը:

«Ինչ վերաբերում է սուջուխին, ապա այն մսեղենի այնպիսի տեսակ է, որը նախկինում ձեր համտեսած որևէ բանի նման չէ»,-նկատում է հեղինակը: