Իրավական խուճուճ ձևակերպումների մեջ մի՛ մտեք, ամեն ինչ շատ պարզ է. Դավիթ Հարությունյանը` ՀՀ նախագահի ընտրության շուրջ քննարկումների մասին


Իրավական խուճուճ ձևակերպումների մեջ մի՛ մտեք, ամեն ինչ շատ պարզ է. Դավիթ Հարությունյանը`  ՀՀ նախագահի ընտրության շուրջ քննարկումների մասին
Փետրվար 20 07:28 2018

Անգամ ամենավառ երևակայության դեպքում դժվարանում եմ նման մեկնաբանություն տալ, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը այս ձևով սահմանափակում է ՀՀ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով մասնագիտական շրջանակներում այն քննարկումներին, որ Սահմանադրության 125-րդ հոդվածը ուժի մեջ չի մտել, և ՀՀ նախագահի ընտրությունը պետք է կազմակերպվի համապետական ընտրակագրով։

«Խնդրին նայեք փոքր-ինչ պարզ՝ չխաբնվելով բարդ, իրավական խուճուճ ձևակերպումներին, որտեղ ամեն չորրորդ բառը հանցագործ է կամ չգիտեմ...նմանատիպ ածականներ են տրված», - հորդորեց նախարարը։

Անդրադառնալով խնդրին՝ Հարությունյանն ասաց, որ 125-րդ հոդվածը ուժի մեջ է մտնելու ապրիլի 9-ից, այսինքն՝ ՀՀ նախագահի՝ պաշտոնն ստանձնելու օրվանից։ Սակայն, ըստ նախարարի, անցումային դրույթների 211-րդ հոդվածով խնդրին կարգավորում է տրվել։

«Անցումային դրույթներում նպատակ կար նախագահի ընտրությունը կազմակերպել Ազգային ժողովի կողմից, բայց ոչ ամբողջովին 125-րդ հոդվածով սահմանված կարգավորումներով։ Ինչո՞ւ, կարող եմ բացատրել դա էլ։ Նպատակն այն էր, որ ոչ թե ուղղակի 125-րդ հոդվածով սահմանված մեխանիզմներով, այլ փոքր-ինչ այլ, և անցումային դրույթներում նշված է, որ առաջին ընտրությունը տեղի կունենա այս ժամանակահատվածում՝ 125-րդ հոդվածով սահմանված կարգով, և նշված է այն առանձնահատկությունը, որով պետք է կիրառվի 125-րդ հոդվածը։ Իրավունքում կա, հայերեն իրավական տերմինաբանությունը չկա, բայց էսպես է՝ Incorporation by reference, այսինքն՝ մենք կյանք ենք տալիս 125 հոդվածի փոփոխված տարերակին անցումային դրույթների 211 հոդվածով։ Նայեք այդ աչքերով՝ առանց խուճուճ իրավական ձևակերպումների, և դուք կտեսնեք, որ ամեն ինչ պարզ է։ Եվ որևէ սահմանադրական ճգնաժամի մասին խոսք լինել չի կարող», - արձագանքեց Դավիթ Հարությունյանը։

Նկատենք, որ մասնագիտական շրջանակներում քննարկումների համաձայն Հայաստանի Ազգային ժողովը չունի Հանրապետության 4-րդ նախագահին ընտրելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը նախատեսված է միայն 2015-ի փոփոխված Սահմանադրության 125 հոդվածում, որն էլ ուժի մեջ չէ, քանի որ այն ուժի մեջ կմտնի Հանրապետության 4-րդ նախագահի պաշտոնի ստանձնման օրը։