Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»․ «Ժողովուրդ»


Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»․
«Ժողովուրդ»
Փետրվար 20 08:40 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը գնալով վերածվում է կալանավայրի՝ «զոնի»: Համենայն դեպս, Տարոն Մարգարյանի գլխավորած կառույցում գործում են ոչ թե ՀՀ օրենքներն ու իրավական մյուս ակտերը, այլ «զոնի» կարգերը, այն էլ՝ «քուչի մակարդակի»:

Նախորդ շաբաթ «դեմն առեք, շուտ» հրահանգով ՀՀԿ-ականների կողմից ծեծի ենթարկվեցին ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Երեկ պարզվեց՝ քաղաքապետարանում գնալով առանձնակի տարածում է գտնում թղթախաղը. համենայն դեպս, ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողական տեսախցիկների ներկայությամբ բացահայտել է, թե ինչպես են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում բլոտ խաղում:

Ու քանի որ ե՛ւ ծեծկռտուքի, ե՛ւ այդ թղթախաղի մասին վկայող տեսագրությունները հանրության սեփականությունը դարձան լրագրողների «մեղքով», հիմա քաղաքապետարանում ամեն կերպ փորձելու են սահմանափակել լրատվամիջոցների մուտքը եւ գործունեությունն իրենց մոտ` նպատակ ունենալով խոչընդոտել ԶԼՄ-ներին:

Այլ կերպ ասած` Տարոն Մարգարյանն իր ՀՀԿ-ական ոհմակին զսպելու փոխարեն, ընդհակառակը, պայքարում է լրագրողների դեմ, որոնք ի ցույց դրեցին ոհմակի հանցագործությունները: Այս գործին լծվել է նաեւ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, որն ավագանու չարաբաստիկ նիստում առաջինը նետվեց՝ ԵԾ անդամների «դեմն առնելուն», խոչընդոտեց մի քանի լրագրողների աշխատանքը, իսկ երեկ էլ խոչընդոտել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի հարցազրույցը Զարուհի Փոստանջյանի հետ` հորինելով զանազան պատրվակներ, վերածվելով քաղաքապետի արտահաստիքային պաշտպանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում