Մատչելի բնակարան ծրագրի շահառուները՝ կամայականությունների զոհ. նրանք դիմել են Սերժ Սարգսյանին


Մատչելի բնակարան ծրագրի շահառուները՝ կամայականությունների զոհ. նրանք դիմել են Սերժ Սարգսյանին
Փետրվար 19 14:05 2018

Շուրջ 200 պետական ծառայող-շահառուներ բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ իրենց բողոքը հայտնելով առ այն, որ մատչելի բնակարաններով ապահովման պետական ծրագրի շրջանակներում հայտնվել են փակուղում՝ բախվելով կառուցապատողի չարաշահումներին ու կամայականություններին:

Բաց բանակում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման պետական ծրագրի շրջանակներում Երեւանի Ադոնցի 6/1 հասցեում կառուցված շենքի հարյուրավոր պետական ծառայող-շահառուներս հայտնվել ենք փակուղում՝ բախվելով շենքը կառուցապատող «Միկշին» ՍՊԸ-ի չարաշահումներին ու կամայականություններին:

Ծրագրի մեկնարկից մինչ օրս մենք բախվում ենք բազմաթիվ խնդիրների եւ ստիպված ենք անընդհատ պայքարել դրանք լուծելու համար՝ բնակարանների հանձնման ուշացումներ, բնակարանների մակերեսներն իրականից ավելի հաշվել, կայանատեղիներում անճշտություններ, կայանատեղի ընդհանուր մուտքի անհամապատասխանություն նախագծին, հոսանքի ենթակայանի բացակայություն եւ այլն։

Պետական տարբեր մարմինների դիմելու արդյունքում որոշ խնդիրներ հնարավոր է եղել լուծել, սակայն ամենալուրջ խնդիրների առնչությամբ Քաղաքաշինության պետական կոմիտեին եւ ՀՀ վարչապետին ուղղված դիմումներն արդյունք չեն տվել։

«Միկշին» ՍՊԸ-ի չարաշահումների վերաբերյալ շահառուները դիմում են ներկայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, ինչի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում, ի թիվս այլ խնդիրների, պարզվել է, որ մեր շենքի տանիքի նկատմամբ գրանցված է «Միկշին» ՍՊԸ միանձնյա սեփականությունը, այնինչ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տանիքը հանդիսանում է շենքի բոլոր շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականությունը:

Շրջանցելով օրենքն ու Կառավարության որոշումը, ըստ որի՝ մեր շենքը պետք է «հարթ տանիք» ունենար, Կառուցապատողը տանիքն անվանափոխել եւ այն կադաստրի պետական գրանցման է ներկայացրել որպես վերնահարկ, իսկ որպես տանիք է գրանցել դրա մի հատվածը միայն, որն էլ օգտագործել է սեփական արեւային ջրատաքացուցիչները տեղադրելու համար՝ առանց բնակիչների համաձայնությունն անգամ հարցնելու:

Հարկ է նշել նաեւ, որ շենքի հիմնական՝ Քաղշինպետկոմի հաստատած նախագծում շենքի համար նախատեսված է եղել ամբողջական տանիք, սակայն մեր՝ շահառուներիս կողմից բնակարանների ձեռք բերման նախնական պայմանագրերի կնքումից հետո, առանց քաղաքաշինության կոմիտեի իմացության, «Միկշինը» Երեւանի քաղաքապետարանի միջոցով հաջողել է կատարել նախագծի փոփոխություն՝ «տանիքը» անվանափոխելով «վերնահարկի», այնինչ դրա նշանակությունը շարունակում է մնալ «տանիք»: Ընդ որում՝ Քաղաքաշինության պետական կոմիտեն ստորագրել է շենքի ավարտական ակտն ու ընդունել այն «Միկշին» ՍՊԸ-ից՝ առանց նույնիսկ ստուգելու, թե շենքը փաստացի համապատասխանո՞ւմ է կառավարության սահմանած պահանջներին։

Այսպիսով, «Միկշին» ՍՊԸ-ի աճպարարության հետեւանքով շահառուներս զրկված ենք մեր իսկ շենքի տանիքն իր նպատակային նշանակությամբ օգտագործելու եւ, ըստ այդմ, շենքի միասնական ամբողջական սպասարկումն իրականացնելու հնարավորությունից։ Մենք ունենք հիմնավոր մտահոգություններ, որ տանիքը հետագայում օգտագործվելու է այնպիսի նպատակներով, որոնք կխախտեն մեր օրինական շահերը եւ իրավունքները։ «Միկշին» ՍՊԸ-ն հավաստիացնում է, որ նման խախտումներ թույլ չի տա, սակայն չի բացառվում, որ հետագայում տանիքն օտարվի որեւէ երրորդ անձի կամ բռնագանձվի «Միկշին»-ի պարտավորությունների դիմաց։

Հատկանշական է նաեւ, որ նույն շենքի տանիքին «Միկշին»-ն արդեն իսկ տեղադրել է ջրատաքացուցիչներ, որոնցից ցածր ինքնարժեքով ստացվող տաք ջուրը մեզ պարտադրվում է գնել այնպիսի գնով, որն առավել քան կրկնակի թանկ է ցանկացած այլ ջեռուցման միջոցներով ստացվող տաք ջրի ինքնարժեքից:

«Միկշին»-ի հետ վերջերս ունեցած մեր բանակցությունների ընթացքում վերջինիս տնօրինությունը կտրականապես հրաժարվեց շենքի տանիքը փոխանցել շենքի բոլոր սեփականատերերի բաժնային սեփականությանը՝ իր գերշահույթ ստանալու նպատակները գերադասելով հարյուրավոր շահառուներիս շահերից։

շենքի սպասարկման համար եւս Կառուցապատողն առաջարկում է այնպիսի գներ (ամսական 24 հազար դրամ), որոնք բազմապատիկ թանկ են այլ բնարակապահովման ծրագրերում կիրառվող գներից, ինչպես օրինակ` Ծարավ Աղբյուրի փողոցում երիտասարդ մասնագետների համար կառուցված շենքերում են։

Տարիներ շարունակ վարձով բնակվելուց, սրտատրոփ մեր բնակարաններին սպասելուց, մեծ դժվարությամբ դրանք վերջապես ստանալով մենք ոչ միայն ստիպված ենք մարել հիպոթեքային վարկերը, այլեւ մեկ բնակարանի վարձավճարի չափով անտրամաբանական հավելյալ վճարումներ կատարել նույն «Միկշին» ՍՊԸ-ի կողմից համատիրության փոխարեն ստեղծված կոմունալ սպասարկող ընկերություններին, որոնք, ի դեպ, որեւէ կերպ չեն հիմնավորում՝ ինչպե՞ս են հաշվարկել սպասարկման գումարները։

Այս բյուջետային ծրագիրը, որն ուղղված է պետական ծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը, ինքնին դարձել է սոցիալական խնդիր եւ շարունակական «գլխացավանք» մեզ համար, եւ Կառուցապատողը, օգտվելով իր գերիշխող դիրքից եւ հնարավորություններից, իրեն վերապահել է իրավունքներ՝ բացահայտ կերպով ոտնահարելու հարյուրավոր պետական ծառայողների ընտանիքների օրինական շահերը:

Պարոն Նախագահ,

Պետական տարբեր կառույցների դռները թակելուց ու մեր խնդիրներին վերջնական լուծում չստանալուց հետո ակնկալում ենք Ձեր միջամտությունն ու խնդրում ենք կանխել մեր համեստ աշխատավարձերի եւ մեր ընտանիքների նվազագույն բարեկեցության հաշվին «Միկշին» ՍՊԸ-ի՝ տնտեսական գերշահույթ ստանալու մոլուցքը եւ փրկել բնակարանային ապահովման այս ողջունելի գաղափարի բարի համբավը։

Հարգանքներով՝

Շուրջ 200 պետական ծառայող-շահառուներ»



loading...