Արմեն Սարգսյանն աշխատավարձ չի ստացել. էթիկայի հանձնաժողովը՝ թեկնածուի ունեցվածքի մասին


Արմեն Սարգսյանն աշխատավարձ չի ստացել. էթիկայի հանձնաժողովը՝ թեկնածուի ունեցվածքի մասին
Փետրվար 19 12:38 2018

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն անդրադարձել է մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից արված այն հայտարարությանը, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ունեցվածքի մասին հայտարարագրեր չի ներկայացնում: Կառույցը պարզաբանել է.

«Հայտարարության մեջ տեղ գտած «ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել 2013 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկ ներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումն ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի տեսքով» ձեւակերպումների առնչությամբ հայտնում ենք. Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2013 թվականին հանձնաժողով է ներկայացրել իր պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը, իսկ 2014-2016 թվականներին՝ իր տարեկան հայտարարագրերը (2017 թվականի տարեկան հայտարարագիրը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ենթակա է ներկայացման մինչեւ սույն թվականի մարտի 30-ը): Ընդ որում, Ա. Սարգսյանի կինը Հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը 2013-2016 թվականների համար, որոնցում հայտարարագրման ենթակա տվյալ է նաեւ համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքը: Այս առումով, Ա. Սարգսյանի կողմից ներկայացված հայտարարագրերում, ըստ էության, արտացոլված են գույքի, եկամուտների վերաբերյալ տվյալներ ինչպես Ա. Սարգսյանի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ (27.09.2013թ.), այնպես էլ դրանից հետո: Դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի չհայտարարագրման հարցի հետ կապված՝ Ա. Սարգսյանն, իրոք, աշխատավարձի տեսքով եկամուտ չի ստացել (աշխատում է անվճար հիմունքներով): Դրա վերաբերյալ առկա է նաեւ պարզաբանում հայտարարագրերի՝ «Նշումներ» բաժնում»,- ասված է գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված պարզաբանման մեջ: