Տուն չունեմ, փող չունեմ, մի բան անեմ՝ դատվեմ, գնամ բերդ. Տղամարդը սպանության փորձ է կատարել, որ «բերդի պուտյովկա» ստանա


Տուն չունեմ, փող չունեմ, մի բան անեմ՝ դատվեմ, գնամ բերդ. Տղամարդը սպանության փորձ է կատարել, որ «բերդի պուտյովկա» ստանա
Փետրվար 19 10:40 2018

1in.am-ը գրում է․

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ ավարտվել է Մանվել Գասպարյանի գործի դատական քննությունը:

67-ամյա Մանվել Գասպարյանին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ի սկզբանե Մանվել Գասպարյանին մեղադրանք էր առաջադրված նաև ավազակային հարձակման համար, սակայն վարույթն իրականացնող մարմինը, ավազակությունը հաստատող ապացույցներ ձեռք չբերելով, հետագայում մեղադրանքի ծավալում թողել է միայն սպանության փորձի մեղադրանքը:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 4-ի առավոտյան՝ ժամը 9-ն անց 10-ի սահմաններում Մանվել Գասպարյանը Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում փորձել է գործով չպարզված շարժառիթով սպանել Էդիկ Պ.-ին, բայց իր կամքից անկախ հանգամանքների բերումով հանցանքն ավարտին չի հասցրել:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մայիսի վերջին Մանվել Գասպարյանը վարձու բնակարան փնտրելու պատրվակով այցելել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում Էդիկ Պ.-ի վարձակալած բնակարան: Էդիկի ընտանիքի անդամները տանն են եղել: Մանվելը բնակարանի դուռը բացած Էդիկին հարցրել է՝ այդ շենքում վարձու բնակարան կա՞: Բացասական պատասխան ստանալով՝ նա հեռացել է:

Մի քանի օր անց՝ 2016 թվականի հունիսի 4-ի առավոտյան, Մանվել Գասպարյանը իր հետ նախապես վերցնելով պոլիէթիլենային տոպրակի մեջ քողարկված երկաթե մուրճ, նորից գնացել է վերը հիշատակված շենքի մոտ: Նա սպասել է, մինչև Էդիկի ընտանիքի անդամները տանից դուրս են եկել: Հետո թակել է բնակարանի դուռը, որը բացել է Էդիկ Պ.-ն:

Մանվելը նրան հարցրել է՝ շենքում վարձու բնակարան կա՞: Էդիկը նորից բացասական պատասխան է տվել: Այդ ժամանակ Մանվելը պատճառաբանել է, թե դեղ պիտի խմի, ջուր է խնդրել Էդիկից: Վերջինս բաժակով ջուր է բերել, տվել է միջանցքում կանգնած Մանվելին, հետո շրջվել է, որ տաբատը հագնի:

Ըստ մեղադրանքի՝ օգտվելով իրավիճակից՝ Մանվելը ջրով բաժակը դրել է պահարանին, գործով չպարզված շարժառիթով Էդիկ Պ.-ին սպանելու դիտավորությամբ մոտի տոպրակից հանել է երկաթե մուրճը ու հետևի կողմից հարվածել է Էդիկի գլխի աջ գագաթային հատվածին: Այնուհետև նա մուրճով փորձել է Էդիկի գլխին հասցնել նաև երկրորդ հարվածը, սակայն Էդիկը ձեռքերով պաշտպանվել է, հարվածն ամբողջ ուժգնությամբ նրա գլխին չի դիպել, մուրճն էլ վայր է ընկել:

Մանվել Գասպարյանը, ըստ մեղադրանքի, Էդիկ Պ.-ին գցել է, ծնկներով նրան սեղմել է մահճակալին, երկու ձեռքերով բռնել է նրա կոկորդից ու փորձել է շնչահեղձ անել: Էդիկ Պ.-ն ձեռնամարտի հնարք է կիրառել, կարողացել է ազատվել բռնվածքից ու բռունցքով մեկ անգամ հարվածել է Մանվելի դեմքին:

Վերջինս դարձյալ բռնել է Էդիկի կոկորդից, փորձել է խեղդամահ անել: Արդյունքում, ըստ մեղադրանքի, նա Էդիկ Պ.-ին պատճառել է գլխի ծոծրակային շրջանի սալջարդ վերք, արյունազեղումներ, քերծվածքներ՝ նրա առողջությանը հասցնելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Սակայն, ըստ մեղադրանքի, Մանվել Գասպարյանն իր կամքից անկախ հանգանքների բերումով չի կարողացել ավարտին հասցնել Էդիկ Պ.-ի սպանությունը: Էդիկ Պ.-ն դիմադրել է, վերցրել է Մանվելի բերած մուրճը, դրանով երկու անգամ հարվածել է նրա գլխին, վնասազերծել է նրան և պահել է իր բնակարանում՝ մինչև ոստիկանների ժամանելը:

Դատարանի որոշմամբ այս գործով նշանակվել է դատաբժշկական ու դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ թվարկվել են Մանվել Գասպարյանի մի շարք հիվանդությունները՝ հիմնականում սրտային, թոքային, և նշվել է, որ այդ հիվանդությունները իրենց կլինիկական ընթացքով չեն հանդիսանում ծանր հիվանդություն, չեն խոչընդոտում, որ նա մասնակցի դատաքննչական գործողությունների:

Դատահոգեբուժական մասով մասնագետները եզրակացրել են, որ լիարժեք ախտորոշում հնարավոր է կատարել՝ Մանվել Գասպարյանին հետազոտելով ստացիոնար պայմաններում:

Դատարանը Մանվել Գասպարյանի նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ Մանվել Գասպարյանը ճանաչվել է մեղսունակ, նրա մոտ հայտնաբերված հիվանդությունները արտահայտված չեն այն աստիճանի ու չեն ուղեկցվում հոգեախտաբանական ախտանիշերով, մտավոր և հիշողական կոպիտ խանգարումներով, որ իրավախախտումը կատարելիս ու դրանից հետո նրան զրկեին իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու, դրանք կառավարելու կարողությունից:

Դատարանը հաստատված է գնահատել քննության ընթացքում պարզված հետևյալ հանգամանքները:

Մանվել Գասպարյանը բնակվել է Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող գունավոր մետաղների ընդունման կետում, այնտեղ էլ նա աշխատել է:

2016 թվականի հունիսի 2-ին Մանվելին այցելել է նրա եղբայրը, ում Մանվելն ասել է, թե հոգնել է կյանքից՝ ապրելու տեղ չունի, գումար չունի, ուզում է մի այնպիսի արարք կատարել, որ իրեն դատապարտեն, ինքը կարողանա ապրել քրեակատարողական հիմնարկում:

Երկու օր անց՝ հունիսի 4-ին, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Մանվել Գասպարյանը նախապես իր հետ վերցնելով պոլիէթիլենային տոպրակի մեջ քողարկված երկաթե մուրճը, գնացել է այն շենքի մոտ, որտեղ բնակարան էր վարձակալել տուժող Էդիկ Պ.-ն:

Մանվելը թակել է այդ բնակարանի դուռը, այն բացել է Էդիկը…

Երբ վերջինս բացասական պատասխան է տվել՝ շենքում վարձու բնակարան լինելու մասին հարցին, Մանվելն ասել է, թե վատ է զգում, պետք է դեղ խմի, ջուր է խնդրել Էդիկից:

Վերջինս ծածկել է բնակարանի դուռը, գնացել է ջուր բերելու: Մանվելն այդ ընթացքում մտել է ներս, կանգնել է միջանցքում:

Էդիկը բաժակով ջուրէ բերել, տվել է նրան: Հետո կռացել է, որ տաբատը հագնի: Այդ ժամանակ Մանվելը բաժակը դրել է պահարանին, իր մոտ եղած մուրճը հանել ու հարվածէ հասցրել Էդիկի գլխին…

Մանվել Գասպարյանը գործի նախաքննության ու դատաքննությանը ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա հայտնել է, թե տուժող Էդիկ Պ.-ին ճանաչում է… մանուկ հասակից: Նա իրենց բարեկամն է՝ իր մոր մորաքրոջ աղջկա որդին է: Ինքը նույնիսկ նրա հեծանիվն է քշել 1962 թվականին:

Վերջին անգամ Էդիկն իրենց տանը եղել է 2014 թվականին՝ մասնակցել է իր մայրիկի հուղարկավորությանը:

Իրենց տուն կատարած այցելության ժամանակ Էդիկը կատակով արել է հետևյալ արտահայտությունը. «Ոսկորներս նստած են, մեկը լիներ՝ ծեծեր»: Երբ տուժողն առարկել է ամբաստանյալի այս պատմության դեմ, ամբաստանյալն ասել է՝ եթե Էդիկը չի եղել իրենց տուն այցելողը, ուրեմն եղել է նրա եղբայրը:

Մանվելը հայտնել է, թե մի քանի անգամ գնացել է տուժողի՝ Կոմիտասի փողոցում գտնվող բնակարան, բայց ներս է մտել երկու անգամ: Ինքը նախապես մուրճի փայտե հատվածը կտրել էր, որ այն երկար չլիներ, մետաղական մասը փաթաթել էր տոպրակի մեջ: Ինքը ցանկանում էր, որ «այն ատրճանակի տպավորություն թողնի ու տուժողին վախեցնի»:

Գնացել է տուժողի տուն՝ նրան ատրճանակով վախեցնելու նպատակով, որ իրեն դատապարտեն երկու տարով ազատազրկման: Իսկ հետո պատիժը կրելու նպատակով տեղափոխեն ՌԴ Նովոսիբիրսկ քաղաք, որտեղ իր դուստրը դատավոր է աշխատում, ինքն էլ այնտեղ կիսատ գործեր ունի…

Մանվելը հետևյալ կերպ է ներկայացրել կատարվածը՝ մտնելով Էդիկի բնակարան՝ դեղ խմելու պատրվակով, ինքը նայել է սենյակի կողմը, որ տեսնի՝ Էդիկի կինը տա՞նն է: Ցանկացել է Էդիկի կնոջն ասել, որ նա դուրս գա բնակարանից՝ իբր Էդիկի հետ ինքը գործ ունի:

Ըստ Մանվելի՝ այդ ընթացքում կինը իր ձեռքին պետք է տեսներ մուրճի մետաղական մասը՝ տոպրակի մեջ քողարկված, պետք է մտածեր, թե ատրճանակ է, պետք է վախենար ու ոստիկանություն զանգեր:

Սակայն Էդիկն իրեն հարցրել է՝ էդ ո՞ւր ես նայում: Ու հարվածել է իրեն: Ինքն էլ պատասխան հարված է հասցրել: Տուժողը ծնկել է, գլուխը պաշտպանել է: Ինքը դրանից հետո Էդիկին չի հարվածել: Մուրճը ինքը կամովին է ձեռքից գցել: Տուժողը վերցրել է այն ու 20 անգամից ոչ պակաս՝ հարվածել է իր գլխին…

Ամբաստանյալը նաև հայտարարել է, թե իրեղեն ապացույց ճանաչված մուրճը այն մուրճը չէ, որն ինքը տարել էր Էդիկի բնակարան, իր տարածը շատ ավելի փոքր էր…

Տուժող Էդիկ Պ.-ն հայտնել է, թե Մանվել Գասպարյանին ընդհանրապես չի ճանաչել, նրա բարեկամը չէ: Դեպքի օրը Մանվելը թակել է իր բնակարանի դուռը, շենքում վարձու բնակարանի մասին է հարցրել: Ինքն ասել է, թե վարձով է ապրում այդ շենքում, բնակիչներին չի ճանաչում, խորհուրդ է տվել ուրիշին հարցնել: Մանվելը ներողություն է խնդրել, ասել է, թե մի շաբաթ առաջ էլ է եկել ու նույն հարցով դիմել իրեն: Ինքն էլ ասել է, թե կաթված տարած մարդ է, չի հիշում: Նա իրենցի ջուր է խնդրել, որ դեղ խմի: Մինչ ինքը գնացել է ջուր բերելու, նա մտել է միջանցք: Նրա ձեռքին ինքը տոպրակ է նկատել: Բաժակը տվել է նրան, կռացել է, որ տաբատը հագնի: Այդ պահին ինչ-որ ձայն է լսել, հասկացել է, որ բաժակը դրվեց պահարանին: Իր մեջ կասկած է մտել, ինքը մտածել է՝ միգուցե հանցագո՞րծ է ներս մտել: Գլուխը թեքել է դեպի Մանվելը, ցանկացել է ուղղվել, բայց հարված է ստացել գլխին: Երբ գլուխը թեքել է, հարվածը թույլ է ստացվել, դիպել է գլխի կողային մասին: Եթե չթեքվեր, հարվածը կդիպչեև գլխի հետևի մասին:

Հարվածից աչքերի առաջը սևացել է: Ինքը խփողին չի տեսել, բայց քանի որ անցյալում սամբո էր պարապել, ձեռքերով «բլոկ» է պահել, երկրորդ հարվածը շատ թույլ է դիպել գլխին: Հետո հնարք է կիրառել, տոպրակը Մանվելի ձեռքից գցել է: Ինքը չի իմացել՝ ինչ է տոպրակի մեջ:

Մանվելը շարունակել է հարձակումը: Նա իր հագի սպորտային հագուստը քաշել է իր գլխին, հրել-իրեն գցել է մահճակալին: Ինքը ամեն ինչ արել է, որ մեջքի վրա ընկնի մահճակալին, որպեսզի կարողանա պաշտպանվել:

Մանվելը մի ծնկով նստել է իր վրա, փորձել է իրեն խեղդել: Իր շունչը սկսել է կտրվել: Ինքը ուժերը հավաքել է, ձեռքերը մտցրել է նրա ձեռքերի արանքը, նրա ձեռքերը հեռացրել է իրենից ու բռունցքով խփել է նրա աչքին:

Նա ընկել է մահճակալի կողքը: Հետո վեր է կացել ու նորից է հարձակվել իր վրա: Ինքը զգացել է, որ նա ուզում է վերցնել գետնին ընկած տոպրակը: Բայց ինքն է հասցրել առաջինը այն վերցնել, զգացել է, որ տոպրակի մեջ ծանր առարկա է: Դրանով երկու անգամ հարվածել է Մանվելի գլխին: Նա իրեն բաց է թողել: Ինքը նրան տարել է միջանցք, նստեցրել է այնտեղ ու զանգել է ոստիկանություն:

Մանվելը փորձել է փախչել, բայց ինքը խփել է նրա ծնկին ու թույլ չի տվել: Եկել է իր հարևանը, հետո եկել են ոստիկանները:

Հետագայում պարզվել է, որ նրան «բերդի պուտյովկա է պետք եղել, նա ցանկացել է բերդում նստել»…

Տուժողն ասել է, որ իրենց կռվելու ընթացքում Մանվելն իրենից գույք, թանկարժեք առարկաներ, դրամ չի պահանջել: Նա վերջում միայն խնդրել է, որ ինքը նրան բաց թողնի: Ինքը չի համաձայնել, ասել է՝ եթե բաց թողնեմ, կգնաս, ուրիշի տուն կմտնես:

Տուժողը հայտնել է նաև, որ Էմմա անունով կնոջ չի ճանաչել, նրա հուղարկավորությանը չի մասնակցել, Մանվելի մայրիկի հուղարկավորության ժամանակահատվածում ինքն ընդհանրապես Հայաստանում չի եղել:

Մանվելի եղբայրը հայտնել է, որ 3-4 տարի առաջ Մանվելը մեկնել է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաք՝ այնտեղ ապրելու, բայց իր իմանալով՝ այնտեղ կոնֆլիկտ է ունեցել տեղի թուրքերի հետ և, վախենալով, որ թուրքերն իրեն են ման գալիս, վերադարձել է Հայաստան: Կոնֆլիկտը կապված է եղել իրենց մյուս եղբոր դստեր հետ՝ շատ տարիներ առաջվա կոնֆլիկտ էր…

Եղբայրը հայտնել է, թե Մանվելը երկու դուստր ունի: Մեկը Կալինինգրադում, իրոք, դատավոր է, մյուսն ապրում է Նովոսիբիրսկում: Երևանում Մանվելն աշխատել է ուսանողական հանրակացարանների դիմաց գտնվող մետաղների ընդունման կետում, այնտեղ էլ ապրել է: Իր կարծիքով՝ նա ուզում էր Նովոսիբիրսկի քրեակատարողական հիմնարկ ընկնել, որ աղջիկն իմանա, տիրություն անի…

Դատարանը Մանվել Գասպարյանին մեղավոր է ճանաչել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 9 տարի ազատազրկման:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում