Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան


Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան
Փետրվար 18 22:36 2018

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը և հարցերին տրված պատասխանները գնահատում է որպես բարձր որակի և մակարդակի:

«Նախագահը, մասնավորապես, միջազգային հանրությանը բացահայտեց հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագիրը և ընդգծեց, որ դրանք առաջիկայում պետք է չեղյալ համարվեն ու հետ կանչվեն: Կարևոր էր, որ Նախագահն ընդգծեց՝ Թուրքիայի հետ հետագա հարաբերություններում պետք է բանակցվեն բոլորովին նոր արձանագրություններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Թևան Պողոսյանը՝ կարևորեով նաև Նախագահի ելոււյթի՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության հնարավորության մասին շեշտադրումը և դրա համար անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը:

Թևան Պողոսյանն առանձնացրել է Նախագահի՝ Սև ծովի և Պարսից ծոցի միջև տարանցիկ միջանցք ձևավորելու հարցով քայլերի իրականացման մասին հայտարարությունը և այն, որ մեր երկիրը շարունակելու է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագիրն ավարտին հասցնելու քայլերը:

«Սերժ Սարգսյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ Արցախի մասին կարողանում ենք խոսել այն լեզվով, որը հաճելի է լսել ու ընդունելի է միջազգային հանրության համար: Մյունխենում ևս անգամ ապացուցվեց, որ ադրբեջանցիները չեն կարողանում ձևակերպել իրենց հարցերը և Սերժ Սարգսյանը մշտապես կարողանում է այդ հարց ու պատասխանում հաղթող դուրս գալ՝ իրեն հատուկ ոճով և հանգստությամբ»,- ասել է Թևան Պողոսյանը:

Նախագահի ելույթում վերջինս առանձնացրել է նաև 2013 թվականի ամռանը Եվրոպական միության հետ բանակցությունների մանրամասները ներկայացնելու հատվածը՝ մասնավորապես, բանակցությունների «ներքին խոհանոցը» որոշ չափով բացահայտելու հետ կապված: Այդպիսով, Պողոսյանի խոսքով, Նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն մինչ սեպտեմբերի 3-ը տեղյակ է եղել ԵԱՏՄ-ի հետ բանակցությունների մասին և նույնիսկ առաջարկել ստորագրել համաձայնագրի քաղաքական բաղադրիչը:

«Մյունխենյան համաժողովը կրկին ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին և միջազգային ասպարեզում ներկայանում է բարձր մակարդակով: Հայաստանի գլխավոր խնդիրը ներքին կյանքի զարգացումն է, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսության զարգացման ուղղությամբ հետևողականությունը»,- ընդգծել է Թևան Պողոսյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովին «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ: Նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային մի շարք հարցերի: