Ահազանգ. կրկին նկարահանվել է՝ ինչպես է «Ախթալա ԼՀԿ» պոչանքը բաց թողնվում Ախթալա գետ


Ահազանգ. կրկին նկարահանվել է՝ ինչպես է «Ախթալա ԼՀԿ» պոչանքը բաց թողնվում Ախթալա գետ
Փետրվար 17 17:43 2018

ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա եւ օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ահազանգել է Ախթալա գետ լցվող «Ախթալա ԼՀԿ»-ի պոչանքի մասին, հաղորդում է Econews.am-ը:

Շահեն Խաչատրյանը EcoNews-ի հետ զրույցում նշեց, որ պատահաբար է ականատես եղել այս իրավիճակին: «Տեսնյութը նկարահանել եմ հենց նոր: Թափվում է Ախթալա գետ, այստեղից էլ գնում, լցվում է Դեբեդ գետ, որը շատ հեռու չէ: Պոչանքն անմիջապես գործարանից բաց է թողնվում Ախթալա գետը: Ես պատահական եմ տեսել, նկարել եմ»,- ասաց նա:

Նշենք, որ օրերս եւս հրապարակվել էր տեսանյութ, որտեղ ակնհայտ երեւում էր Դեբեդ լցվող նյութը: Տեսանյութի առնչությամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը պարզաբանել էր՝ «Բազմիցս հայտարարվել է, որ 2018թ հունվարի 16-ից Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգում է իրականացնում «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ում ահազանգերի հիման վրա ենթադրյալ բնապահպանական իրավախախտումներ բացահայտելու նպատակով, ստուգման արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որի ավարտից հետո կտրվի հաղորդագրություն ստուգման արդյունքերի մասին»: 

Վրույր Պեպանյանը գրել էր. «Պոչամբարից խյուս, պոչանք վթարի պատճառները վերացնելուց հետո այլեւս չի թափվում Դեբեդ գետը, այլ թափվում են մեխանիկական մաքրում անցած պարզաջրերը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Դեբեդ գետի ջրի փորձաքննությունը ցույց է տվել, որ Ախթալայի պոչամբարի արտահոսքի հետեւանքով գետում եղել է մետաղների պարունակության գերազանցում: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից կազմվել է վարչական ակտ: Ըստ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի, Ախթալայի հանքը շահագործող ընկերությունն առաջիկա կես տարում կառուցելու է չորանոց, որտեղ չորացվելու է պոչանքը եւ լցվելու է այն խոռոչները, որոնք առաջացել են հանքաքարի արդյունահանման ժամանակ: