Ախոռագոմ ՀՀԿ գրասենյակում. Փաշինյանը՝ Շմայսի զանգի մասին


Ախոռագոմ ՀՀԿ գրասենյակում. Փաշինյանը՝ Շմայսի զանգի մասին
Փետրվար 16 10:40 2018

ԱԺ-ում ընթացող արտահերթ նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ հայտարարությունը հրատապ է: «Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որ հայտնի է Շմայս անունով, զանգահարել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին եւ նրա հասցեին սպառնալիքներ, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցրել: Սա նմանատիպ որերորդ դեպքն է: Անկեղծ ասած, հարցը հետեւյալն է. ՀՀԿ-ականները որոշել են մեզ քուչի կռվի մեջ ներքաշել, այս հարցը պետք է շատ հստակ պատասխան ստանա, եւ եթե մտածում եք, որ այդ սադրանքներով, կամ մեր քաղաքակիրթ դեմքին, կամ փողկապներին եք խաբնվել, ուրեմն իմացե՛ք` ցանկացած մարտահրավեր մենք կընդունենք»,- հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` այս ամենը կապված է երկու օր առաջ Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին եւ դրան հաջորդած զարգացումներին ու մեկնաբանություններին: Ըստ Փաշինյանի՝ Ալեն Սիմոնյանը որոշակի մեկնաբանություններով է հանդես եկել: «Եվ այս կապակցությամբ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցազրույցներից մեկում ասում է, որ Երեւանի քաղաքապետարանը, ավագանին ախոռագոմ չէ: Պարո՛ն Շարմազանով, թույլ տվեք չհամաձայնել ձեր այդ ձեւակերպման հետ, որովհետեւ ավագանիում տեղի ունեցած միջադեպը ցույց տվեց, որ Երեւանի քաղաքապետարանում անվազն մի քանի ախոռագոմ կա, եւ զարմանալի զուգադիպությամբ այդ ախոռագոմերը զբաղեցնում են ՀՀԿ ներկայացուցիչները: Իսկ այն, որ ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովիսյանը զանգում է քաղաքացուն եւ չի ներկայանում իր անուն, ազգանունով, չի ասում` բարեւ ձեզ, Առաքել Մովսիսյանն է, զանգում` ասում է` Շմայսն է զանգում, այս ամենը մտածելու առիթ է տալիս, որ ախոռագոմեր կան նաեւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում՝ Մելիք-Ադամյան 2 փողոցում»,- հայտարարեց Փաշինյանը:

Ի դեպ, այդ ընթացքում ՀՀԿ շարքերից աղմուկ էր գալիս: Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ականներին դուր չեկավ Փաշինյանի ելույթը: Վերջինս էլ ասաց, որ եթե ՀՀԿ-ականները լավ չլսեցին, կարող են ձայնագրությունը մեկ անգամ եւս լսել: