Դե չեն ուտում մեր քաղաքացիները «BMW-ի ֆառ», հիմա ի՞նչ անենք. Զոհրաբյանը հեգնեց Կառավարությանը


Դե չեն ուտում մեր քաղաքացիները «BMW-ի ֆառ», հիմա ի՞նչ անենք. Զոհրաբյանը հեգնեց Կառավարությանը
Փետրվար 16 14:30 2018

Կառավարության գործունեության ծրագրից ու վարչապետի հայտարարություններից ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եզրակացրել է՝ առաջիկա երկու տարիների ընթացքում կենսաթոշակներ, աշխատավարձ չեն բարձրանալու։

«Կառավարության ղեկավարն օրեր առաջ այս ամբիոնից շատ հպարտ տեսքով հայտարարեց, որ գնաճը շատ նվազ է, ունենք 2.6 տոկոս գնաճ։ Ես կարծում եմ, որ Ազգային վիճակագրական ծառայությունը կամ այն պաշտոնյաները, ովքեր ապատեղեկատվություն են տրամադրում կառավարության ղեկավարին. Պետք է ենթարկվեն պատասխանատվության»: Այս մասին, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, երբ քննարկվում էր Հարկային օրեսնգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա, վկայակոչելով կառավարության ներկայացրած վերլուծությունը, ասաց, որ նշում են, թե «BMW» մակնիշի մեքենայի «ֆառերի» գինը նվազել է ու ավելացրեց.

«Նայում եմ սպառողական առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղը՝ հաց, կաթ, կարտոֆիլ, «BMW-ի ֆառ» առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղում չկա։ Դե չեն ուտում մեր քաղաքացիները «BMW-ի ֆառ», հիմա ի՞նչ անենք»։

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, «էժանագին մանիպուլյացիա է» նման մեխանիզմով հաշվել գնաճի ցուցանիշը և ասել, որ այն կազմել է ընդամենը 2.6 տոկոս, այն դեպքում, երբ գնաճը 2017-ին Հայաստանում «մի քանի տասնյակ անգամ ավելի է»։

Պատգամավորը նկատեց, որ ոչ մի կերպ չի հաջողվում պատկան մարմիններից ստանալ պատասխան, թե որքան է կազմում նվազագույն կենսաապահովման զամբյուղը։ Ավելին, Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են այդ ցուցանիշը կազմողին ներկայացնել Նոբելյան մրցանակի։

«Գիտեք, եկեք միմյանց հետ ազնիվ լինենք։ Չի կարելի միմյանց հետ անընդհատ փորձել խոսել էժանագին մանիպուլյացիաներով։ Հարգարժա′ն կառավարություն, 2.6 տոկոս գնաճը, որ դուք հրապարակում եք, հրաշալի հասկանում եք, որ դա ուղղակի ապատեղեկատվություն է։ Դուք չունեք ամոթ, եթե ամոթ ունենայիք, չէիք փորձի այստեղ թվային աճպարարություններ անել միայն նրա համար, որ կես ժամ հետո գաք, միահամուռ քվեարկեք՝ մերժելով այս նաագիծը», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։