Բա կարելի՞ ա ժողովրդին սպանելով բերել բյուջե լցնել. Վարդան Բոստանջյան


Բա կարելի՞ ա ժողովրդին սպանելով բերել բյուջե լցնել. Վարդան Բոստանջյան
Փետրվար 16 13:34 2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն իրեն համարում է «զուսպ և չափագրված սպառող» և պնդում է` Հայաստանում գնաճը ոչ թե 21.9 տոկոս է ինչպես Փաշինյանն ասաց, այլ 40 և ավելի տոկոս։

«Հիմա վիճակը վատ է երկրում, ի՞նչ եք առաջարկում։ Դուք ասում եք՝ եկեք դիմագրավենք, ով որ մեքենա ունի 1000 դոլարով մի կերպ առել է, թող գնա ակցիզային հարկով բարձր գներով աշխատի, ասում եք՝ սոցիալապես խոցելի խմբին աջակցենք, ինչո՞վ 1000 դրամ տա՞նք իրանց։ Դա աշխարհի ամենաողորմելի ինստիտուտն ա՝ մարդուն ստրուկ դարձնելու համար: Մարդու համար աշխատատեղ ստեղծելու փոխարեն, մենք ասում ենք՝ արեք աջակցենք, իսկ աջակցությունն էլ վերջանում ա 1000 դրամ օգնություն տալով», - այսօր ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Վարդան Բոստանջյանը։

Նա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանից հարցրեց՝ ի՞նչ անել այս վիճակից դուրս գալու համար։

«Բյուջեում փող չկա, ուրեմն լավ չեք աշխատում։ Բա կարելի՞ ա ժողովրդին սպանելով բերել բյուջե լցնել ու էլի նորից ռացիոնալ չօգտագործել», - նկատեց Վ. Բոստանջյանը։

Խոսրով Հարությունյանն ի պատասխան նախ անդրադարձավ Վարդան Բոստանջյանի մատնանշած գնաճի թվին՝ 40 տոկոսին, ասելով` «դուք ավելի եք վատթարացնում վիճակը»։

Ինչ վերաբերում է Բոստանջյանի հարցին՝ «ի՞նչ անել այս վիճակից դուրս գալու համար», Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ միակ լուծումը տնտեսական աճն է և 2018 թվականի բյուջեն նախանշված է հենց այդ սկզբունքից ելնելով։