Թանկացումները կապված են ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ և, հնարավոր է, Սամվել Ալեքսանյանը փարատի կասկածները


Թանկացումները կապված են ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ և, հնարավոր է, Սամվել Ալեքսանյանը փարատի  կասկածները
Փետրվար 16 12:10 2018

Հայաստանում գներն աճել են ոչ թե 2,6 տոկոսով, ինչպես պնդում է կառավարությունը, այլ 21,9 տոկոսով: Այս մասին, այսօր  ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց օրինագիծը ներկայացնող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, 2018-ի հունվարի 1-ին ուժի մեջ մտավ հարկային նոր օրենսգիրքը, որը 200 տոկոսով բարձրացրեց լիցքավորման գազի ակցիզային հարկը՝ 8300 դրամից դարձնելով 25 հազար դրամ, 60 տոկոսով բարձրացրեց բենզինի ակցիզային հարկը՝ 25 հազար դրամից հասցնելով 40 հազար դրամի, եւ դիզվառելիքի վաճառքը մտցրեց ավելացված արժեքով հարկման դաշտ:

«Հունվարի հենց 1-ին տասնօրյակում ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ բենզինի թանկացումը 15 տոկոսով, դիզվառելիքի թանկացումը 15 տոկոսով, սեղմված գազի թանկացումը 15 տոկոսով պայմանավորված է ակցիզային հարկի նոր դրույքաչափերով»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 1-ից առաջ արդեն բենզինը եւ դիզվառելիք թանկացել էին 18 տոկոսով:

«Մինչեւ հիմա էլ չկա հասկանալի բացատրություն, թե որն է ի վերջո գների բարձրացման պատճառը: Իհարկե, միշտ բերվում է միջազգային գների աճի ազդեցությունը: Բայց օրինակ Մոսկվայում դիզվառելիքը թանկացել է 7,7 տոկոսով, իսկ Երեւանում՝ 32,3 տոկոսով: Նույնը վերաբերում է բենզինին: Բանն այն է, որ ԵՏՄ տարածքում մենք միասնական վառելիքի շուկա ենք, ու անտրամաբանական է, որ եթե միջազգային գներն են պատճառը, ապա գները պետք է համամասնորեն բարձրանան միասնական շուկայում: Չի կարելի ասել, որ միջազգային գների բարձրացումը դեր չունի, բայց այստեղ գործ ունենք նաեւ ակցիզային հարկի բարձրացման հետ: Իսկ մինչեւ հունվարի 1-ի թանկացումը կապված է եղել գնաճային սպասումների հետ. մարդիկ մտածել են, մեկ է, ակցիզային հարկը բարձրանալու է, ի՞նչ տարբերությունը նոյեմբերից թանկացնենք, թե հունվարից: Սա կապված է նաեւ ընտրակաշառքները հետ հավաքելու գործընթացի հետ: Բոլոր ընտրություններից հետո էլ գնաճ է գրանցվում»,-հայտարարեց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում գնաճային սպասումները սկսվեցին դեռ նախորդ տարվա նոյեմբերից, թեպետ սպասվում էր, որ թանկացումներ պետք է լինեին 2018-ի հունվարի 1-ից։ «Բոլորը իմացել էին, որ հունվարի 1-ից այդ ակցիզային հարկը բարձրանալու է, ասել են՝ ի՞նչ տարբերություն նոյեմբերից սկսենք էդ գործը իրականացնել։ Սա իմ համոզմամբ, կապված է քաղաքական որոշակի գործառույթների հետ և ինչպես ժողովրդական լեզվով ընդունված է ասել, սա կապված է նաև ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ։ Ընդհանրապես ամեն տարի ընտրություններից հետո մենք ունենում ենք լայն սպառման ապրանքների գների որոշակի թանկացում և այս տարի հետընտրական ժամանակաշրջանը բացառություն չէր։ Երկու ընտրություն ենք ունեցել իրար վրա, որոնք շատ ակտիվ ընտրակաշառքային ներգործությամբ են աչքի ընկել», - իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, այս երևույթը նկատելի է ոչ միայն բենզինի, այլև շաքարավազի շուկայում: Նրա բերած տվյալներով, եթե միջազգային շուկայում շաքարի գները էժանացել են 39.4 տոկոսով, ապա ՀՀ-ում շաքարի գներն էժանացել են 6.2 տոկոսով։ «Ես հույս ունեմ, որ այս խնդրի կապակցությամբ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ելույթ կունենա և կփարատի մեր բոլորիս այն կասկածները, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք, այսպես ասած, ընտրակաշառքների հետհավաքման գործընթացի հետ», - ժպիտով ասաց Նիկոլ Փաշինյանը։

Armday.am