Միգրանտ և տարհանված երեխաներին կանգեցնում են վտանգի առջև


Միգրանտ և տարհանված երեխաներին կանգեցնում են վտանգի առջև
Փետրվար 15 16:54 2018

Փախստականների, ապաստարան փնտրողների, միգրանտների և ժամանակավոր տարհանված բնակչության վերաբերյալ հավաքագրված վիճակագրության մեջ առկա բացերը վտանգի տակ են դնում տեղաշարժման մեջ գտնվող միլիոնավոր երեխաների կյանքը: Այս մասին այսօր զգուշացնում են ՄԱԿ-ի գործակալություններն ու գործընկերները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄԱՓԳՀ-ն, ՄՄԿ-ն, Եվրոստատը և ՏՀԶԿ-ն: «Ինչ է հարկավոր անել: Տեղաշարժման մեջ գտնվող երեխաների պաշտպանությունը սկսվում է վստահելի վիճակագրությունից» կոչը ցույց է տալիս, թե որքան կարևոր է վիճակագրությունը՝ համաշխարհային միգարցիայի միտումները հասկանալու և երեխաների նման խոցելի խմբերին աջակցության քաղաքականություն մշակելու հարցում:

«Ինչ է հարկավոր անել: Տեղաշարժման մեջ գտնվող երեխաների պաշտպանությունը սկսվում է վստահելի վիճակագրությունից» կոչը հաստատում է վիճակագրության հասանելության, վստահելիության, արդիականության և մատչելիության մեջ բացերի առկայությունն ու փաստեր ներկայացնում՝ հասկանալու, թե ինչպես են միգրացիան և ստիպողական տարհանումը ազդում երեխաների և նրանց ընտանիքների վրա:

Օրինակ՝
-Փախստականների միայն 56 տոկոսն են գրանցված ՄԱՓԳՀ-ի շտեմարանում:
-Բնակչության տարհանում առաջացրած հակամարտությունների մեջ գտնվող երկրների միայն 20 տոկոսն է բնակչության վիճակագրությունը տարիքային տարբերակմամբ հավաքագրում:
-Երկրների և տարածքների մոտ ¼-ը, այդ թվում՝ Աֆրիկայի 43 երկրներն ու տարածքները, միգրանտների՝ տարիքային տարբերակված վիճակագրություն չի հավաքագրել:
-Միգրանտների և տարհանված երեխաների մասին տեղեկատվության պակասը տուժած երեխաներին զրկում է անհրաժեշտ պաշտպանությունից և ծառայություններից:

«Տեղեկատվական բացերը հիմնովին թուլացնում են երեխաներին օգնելու մեր կարողությունը»,- ասում է Լորանս Չենդին (Laurence Chandy)՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտության և քաղաքականության բաժնի ղեկավարը: «Միգրանտ երեխաները՝ հատկապես միայնակ ճամփորդողները, շատ ավելի խոցելի են: Մենք չենք կարող պաշտպանել այդ երեխաներին, նրանց տրամադրել կենսաապահովման ծառայություններ թե՛ ճանապարհին, թե՛ դրա վերջնանպատակ երկրում, եթե մենք չգիտենք՝ ովքեր են նրանք, որտեղ են և ինչի կարիք ունեն: Մենք կոչ ենք անում անդամ երկրներին այս բացերը լրացնել ճիշտ տարբերակված վստահելի տվյալներով և բարելավել համագործակցությունը՝ ստացված տվյալների համադրելիության ու հասանելիության համար»:

Շատ երկրների առկա վիճակագրությունում տվյալներ չկան միգրանտների՝ նրանց տարիքի, սեռի, ծննդյան երկրի մասին և կամ այն մասին, թե երեխաները ճանապարհ են ընկել ծնողների հետ, թե՝ միայնակ: Տարիքային տարբերակման և տվյալների հավաքագրման անհամադրելիությունը մեծ խնդիր է առաջացնում վիճակագրության ամբողջականացման համար:

2016 թ.-ին աշխարհում ավելի քան 12 միլիոն երեխա ապրում է որպես գաղթական կամ ապաստան փնտրող: Ավելին, 23 միլիոն երեխա ապրում է ժամանակավոր կացարաններում՝ 16 միլիոն երեխան հակամարտությունների և 7 միլիոնը՝ բնական աղետների պատճառով: Մինչեռ իրենց տներից տարհանված երեխաների իրական քանակն անհայտ է և գնահատվածից նշանակելիորեն ավելի է վիճակագրությունում առկա բացերի և տվյալների անհամադրելիության պատճառով:

Վստահելի տվյալների բացակայության պատճառով տեղաշարժման մեջ գտնվող երեխաներին սպառնացող ռիսկերն ու այն ամենն, ինչ կարող է նրանց խոցելի դարձնել, շարունակում են չբացահայտված ու չլուծված մնալ: Որոշ դեպքերում սահմանները հատող երեխաները կարող են անկանոն կերպով կալանավորվել մեծահասակների հետ կամ հնարավորություն չունենալ օգտվել իրենց առողջ զարգացման համար անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ կրթությունից և առողջապահությունից: Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող երկրներում դպրոց չհաճախող փախստական և միգրանտ երեխաների թիվն անհայտ է՝ հաշվարկված չլինելու պատճառով:

Տվյալների ավելի լավ հավաքագրումն ու վերլուծությունը այս պահին մշակման փուլում գտնվող Անվտանգ , կանոնավոր և պարբերական միգրացիայի համաձայնագրի, ինչպես նաև Փախստականների համաշխարհային համաձայնագրի կարևորագույն մասն են կազմում, որ ընդունվելու է 2018թ.-ին: Թեև տվյալների հավաքագրումը բարելավելու համար շարունակաբար ջանքեր են գործադրում թե՛ տեղական և համաշխարհային մակարդակներում, ավելի՛ն պետք է արվի: Մինչ անդամ երկրները աշխատում են այս երկու համաձայնագրերը վերջնականացնելու ուղղությամբ, ՄԱԿ-ի գործակալություններն ու գործընկերները կոչ են անում նրանց լրացնել փաստերի հավաքագրման բացերն ու ներառել երեխաների իրավունքները, պաշտպանությունն ու բարեկեցությունը որպես կենտրոնական հանձնառություններ փաստաթղթերի վերջնական տարբերակներում: Եթե այս բացերը չլրացվեն, անհնար կլինի իրագործել և մշտադիտարկել համաձայնագրերի իրականացումն ու տեղաշարժման մեջ գտնվոզ երեխաների վրա դրա ազդեցությունը: