Վահան Մարտիրոսյանը նմանվում է Գալուստ Սահակյանին


Վահան Մարտիրոսյանը նմանվում է Գալուստ Սահակյանին
Փետրվար 15 14:48 2018

Մոտավորապես մեկ տարի ՀՀԿ-ին անդամակցած ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից այսօր լրագրողները կառավարության նիստից հետո հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտա Երեւանի ավագանու նիստում ՀՀԿ-ականների՝ «Երկիր ծիրանի» կուսակցության կին անդամներին ծեծելու փաստին:

Նախարարը դժվարացավ գնահատական տալ, քանի որ ամբողջությամբ ծանոթ չէր տեղի ունեցածին. «Գիտեմ այն, ինչ կա մամուլում, ինչ տարածվել է տեսանյութերով»:

Հարցին, թե ինչպե՞ս է որակում ՀՀԿ-ականների վարքագիծը, նախարարն ասաց, թե չգիտի՝ ինչ հիմքեր կան, որ այդպես է եղել: «Վաղաժամ գնահատական տալ պետք չէ»,- պատասխանեց Վահան Մարտիրոսյանը:

Ի՞նչ է տեսել տեսանյութերում գործադիր մարմնի անդամը հարցին նախարարը խուսափեց կոնկրետ պատասխանելուց: «Չեմ կարող տեսանյութերով կարծիք հայտնել»,- ասաց ՀՀԿ-ական նախարարը:

Իրավապաշտպանները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, նման պահանջն իրատեսակա՞ն է, նախարարը պատասխանեց. «Իմ կարծիքով չէ: Եկեք պարզենք՝ ինչ է եղել: Միանգամից հրաժարական պահանջել կամ ինչ-որ մի բան պահանջել առանց ուսումնասիրելու այդ ամեն ինչը վաղաժամ է»:

Ըստ էության Վահրամ Մարտիրոսյանը կրկնում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանին: Հիշեցնենք, որ երբ Բերձորում դաժան ծեծի էին ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամները, Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե տեղում չի եղել, եւ գնահատական տալ չի կարող:

Armday.am



loading...