Ավագանու միջադեպը` կադաստրի պետի եւ ԳԱԱ նախագահի բեմականացմամբ (տեսանյութ)


Ավագանու միջադեպը` կադաստրի պետի եւ ԳԱԱ նախագահի բեմականացմամբ (տեսանյութ)
Փետրվար 15 05:56 2018

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը շարունակում է հասարակական ու քաղաքական լայն շրջանակներում քննարկվել: Հիշեցնենք, խոսքը «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների մասնակցությամբ իրականացված ակցիայի մասին է, երբ ԵԾ-ի անդամները, Երեւանի ավագանու այս տարվա առաջին նիստում, դիմակներ հագած, իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոտ արձակող կոյուղաջուր էին բերել, ինչի հետեւանքով վիճաբանություն տեղի ունեցավ ավագանու նիստում:

Araratnews.am-ը ֆիքսել է, թե ինչպես այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ, երբ գործադիրի անդամները ժամանում էին նիստերի դահլիճ եւ յուրաքանչյուրը փորձում էր զբաղեցնել իր տեղը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, նկատելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, սկսեցին ձեռքերով ցույց տալ, թե իբր դիմակներ են կրում: Այդ ընթացքում Տարոն Մարգարյանը զրուցում էր ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանի հետ եւ չէր նկատում, թե ինչպես են հետեւի շարքում նստած երկու պաշտոնյաները բեմադրություն իրականացնում: Հետաքրքիր է, թե ի՞նչն էր ուրախացրել Սարգսյան Մարտինին եւ Հայաստանը «քոսոտ երկիր» որակած Մարտիրոսյան Ռադիկին:

Իշխանությունները թերեւս պետք է հետեւություններ անեն իրենց շրջապատում գտնվող պաշտոնյաների վարքագծից: