Լարված իրավիճակ դատարանում. Շամիրամի սպանդի մեջ մեղադրվողին դիմավորեցին «տեռորիստ» բացականչություններով


Լարված իրավիճակ դատարանում. Շամիրամի սպանդի մեջ մեղադրվողին դիմավորեցին «տեռորիստ» բացականչություններով
Փետրվար 14 14:03 2018

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 14-ին, հետաձգվեց եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով դատական առաջին նիստը:

 Պաշտպանական կողմը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ չեն հասցրել գործի նյութերին ծանոթանալ: Դատավոր Սուրեն Մնոյանը բավարարեց միջնորդությունը: Պաշտպանական կողմը միջնորդեց նաեւ արգելել տեսա եւ լուսանկարահանումը, սակայն, դատարանն այն բավարարեց մասնակի: Լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն լուսանկարի եւ տեսանկարահանի միայն ամբաստանյալներին:

Նշենք, որ դահլիճում ներկա գտնվողները բավականին վրդովված էին եւ անընդհատ «տեռորիստ» էին գոռում ամբաստանյալների հասցեին: Դատարանի դիմաց նույնպես լարված իրավիճակ էր: Այստեղ էին հավաքվել սպանվածների հարազատները, որոնց մեծ մասը չկարողացավ մտնել ներս, քանի որ տեղ չկար:

Լրագրողների հետ զրույցում սպանված Օզմանյանների բարեկամ Միշա Օզմանյանը նշեց, որ պաշտպանական կողմը հատուկ է ձգձգում նիստերը. «Այստեղ գտնվողներիս 90 տոկոսը Ռուսաստանից է եկել, նրանք չեն կարող այստեղ երկար մնալ, դա իմանալով հանդերձ՝ իրենք անհիմն նիստերը հետաձգում են«,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք հույս ունի, որ արդար դատաքննություն կլինի եւ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խոստությամբ, Միշա Օզմանյանը պատասխանեց. «Հուսով եմ, իսկ եթե չէ, պատկերացրեք՝ ինչ կլինի...»:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 16-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:

Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: