Ֆինանսների նախարարությանը հաջողվել է իրականացնել 2017 թվականի ընթացքում պլանավորածը. Վարդան Արամյան


Ֆինանսների նախարարությանը հաջողվել է իրականացնել 2017 թվականի ընթացքում պլանավորածը. Վարդան Արամյան
Փետրվար 12 12:44 2018

Փետրվարի 11-ին Ծաղկաձորում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ շարունակվել է տնտեսական ոլորտի լրագրողների համար սեմինար-քննարկումը: Ֆինանսների նախարարության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են «ՀՀ հարկային նոր համակարգի ամփոփ համեմատականը» և «ՀՀ հարկային համակարգը, հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների ներկայացում» զեկույցները: Հարկային օրենսդրության փոփոխությունների ներկայացման հիմնական նպատակն էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրազեկել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը և 2018 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ հարկային համակարգի կարգավորումների մասին։ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանի խոսքով՝ հարկային օրենսդրությունը մշակելիս կարևոր է հաշվի առնել տնտեսության երկարաժամկետ աճը։ «Այսօր չենք կարող կենտրոնանալ կարճաժամկետ արդյունքների վրա։ Մինչ այս ՀՀ-ում տնտեսական քաղաքականությունն այս տրամաբանությամբ չի եղել: Հարկային օրենսգրքի փոփոխությունները կարճաժամկետ լուծումեր են տվել, ինչն ունեցել է սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ», - ընդգծել է Դավիթ Անանյանը՝ կարևորելով Հարկային օրենսգրքի փոփոխման տրամաբանության հիմքում պետական բյուջեի կարճաժամկետ և երկարաժամկետ կայունությունը:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ ըստ ոլորտի համաշխարհային մասնագետների ունեցած տեսակետի՝ որտեղ կա եկամուտ, պետք է հարկվի, նույնիսկ փոքր չափով: «Տրված հարկային արտոնությունները մենք փորձել են առնվազն այնպես անել, որ չմեծանան, որոշ արտոնություններ վերացել են», - ասել է նախարարը և մասնավորեցրել, որ որոշ ոլորտներում արտոնությունները պահպանվել են՝ պայմանավորված դեռևս անհրաժեշտ գործիքակազմ չունենալու հանգամանքով, և առաջիկա տարիներին, գնահատելով հնարավոր ազդեցությունները, հնարավոր կլինի ճիշտ որոշում կայացնել։ Ֆինանսների նախարարության մասնագետների ներկայացմամբ՝ ՀՀ հարկային նոր օրենսգրքի մշակման հիմքում դրվել են հետևյալ հիմնական սկզբունքները․կարևորել տնտեսության երկարաժամկետ աճը, պետական բյուջեի թե´ կարճաժամկետ, և թե´ երկարաժամկետ կայունությունը, հիմնականում պահպանել գործող հարկային արտոնությունները, առավել արդարացի հարկային համակարգ ձևավորելու նպատակով նեղացնել հարկման այլընտրանքային համակարգերի կիրառության շրջանակը, խստացնել գործարքների և առանձին ապրանքների փաստաթղթավորման նկատմամբ պահանջներն ու հսկողությունը, հարկային կարգապահությունը բարձր մակարդակում պահելու համար աստիճանաբար կատարելագործել հարկային վարչարարությունը և այլն:
Ամփոփելով փոփոխությունները՝ ոլորտի մասնագետները պատասխանել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին և ընդգծել, որ հարկային օրենսդրության այս փոփոխությունները միտված են գործարար միջավայրի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն և դրա զարգացմանը նպաստելուն:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ իրենց հաջողվել է իրականացնել 2017 թվականի ընթացքում պլանավորածը:
«2017 թվականին մեր առջև խնդիր էինք դրել, որ գնանք հարկաբյուջետային կոնսոլիդացիայի, ծախսերի կատարման առումով որոշակի պահպանողական քաղաքականություն դրսևորենք, որպեսզի կարողանանք ունակ լինել պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպերը դանդաղեցնել»,- նշել է նախարարը:

 



loading...