Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանը ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված հարցազրույցը կեղծիք է անվանել:
«Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է իբր ինձ հետ արված հարցազրույց, որտեղ նշվել են բացարձակ կեղծ դրույթներ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա կեղծ հարցազրույց է, դա կեղտոտ սադրանք է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը ցանկացած հայի համար եղել է, կա և կլինի բարձրագույն արժեք՝ անկախ նրա ծննդավայրից կամ բնակավայրից: Միայն նշված պայմանների ապահովման դեպքում է հնարավոր հակառակորդ կողմի հետ հետագա փոխզիջումների մասին խոսել: Շատ կուզենայի հասկանալ՝ ինչու և ում է անհրաժեշտ այդ կեղծ լրատվությունը, որի մասին ամենևին տեղյակ չեմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավանեսյանը:
Ադրբեջանական քարոզչության հերթական ձախողմանն անդրադարձել է նաև Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
«Այսօր ադրբեջանական ԶԼՄ-երը տարածել են կեղծ ինֆորմացիա Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսի նախագահ Աշոտ Ավանեսյանի անունից, որտեղ նա իբր հանդես է գալիս ինչ-որ պրոադրբեջանական հայտարարությամբ: Իմ կողմից ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ ադրբեջանական ցանկացած վայ-պրոպագանդիստների փորձը սեպ խրել Ուկրաիանայի հայերի մեջ, դատապարտված են ձախողման: Ոչ հարգելի ադրբեջանական սադրիչներ, թեկուզ գլուխներդ պատին տաք, ոչինչ ձեզ մոտ չի ստացվի»,-գրել է դեսպանը՝ հղում անելով Ավանեսյանի պարզաբանմանը:
Նշենք, որ հարցազրույցը տարածել է Ադրբեջանի ԱՊԱ գործակալությունը, այնուհետև այն վերահրապարակել են ադրբեջանական այլ լրատվամիջոցներ: