Հայաստանից պարային եւ երաժշտական կեղծ խմբեր էին հրավիրում ԱՄՆ.մանրամասներ ԱՄՆ-ի վիզաների գործից


Հայաստանից պարային եւ երաժշտական կեղծ խմբեր էին հրավիրում ԱՄՆ.մանրամասներ ԱՄՆ-ի վիզաների գործից
Փետրվար 10 17:12 2018

Հայկական արվեստին տարբեր առիթներով հոտնկայս ծափահարել է ԱՄՆ-ի քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական վերնախավը: Սակայն Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հայտարարության համաձայն, որոշ անձինք հայկական մշակույթի պատրվակով օգնում են հայաստանցիներին կեղծ ճանապարհով ԱՄՆ-ի վիզաներ ստանալ. հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Իրավապահների հաղորդմամբ՝ Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դատարանում մեղադրանք է ներկայացվել Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխված, ներկայումս՝ ԱՄՆ-ի քաղաքացի 47-ամյա Ստելա Բոյաջյանին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիներ 30-ամյա Հրաչյա Աթոյանին ու 41-ամյա Դիանա Գրիգորյանին: Հրաչյա Աթոյանն այժմ խախտելով իր վիզայի ժամկետը բնակվում է Գլենդելում առանց որեւէ իրավական կարգավիճակի, մինչդեռ Դիանա Գրիգորյանը, ում դատական թղթերում նաեւ «Դինա Ակոպովնա» են անվանում, այժմ Հայաստանում է:

Մեղադրանքի համաձայն, 2013-2014 թվականներին Ստելա Բոյաջյանն իր ղեկավարած Big Apple Music Awards Foundation ընկերության միջոցով Հայաստանից պարային եւ երաժշտական կեղծ խմբեր էր հրավիրում Միացյալ Նահանգներ: ԱՄՆ-ի օրենքների համաձայն՝ արվեստի գործիչների համար Միացյալ Նահանգներ P-3 մուտքի վիզա ստանալն ավելի հեշտ է, քան ավանդական զբոսաշրջիկների համար, ովքեր պետք է ապացուցեն, որ Հայաստան են վերադառնալու:

Իրականում, երաժշտական եւ պարային խմբերի փոխարեն Հայաստանից Միացյալ Նահանգներ էին ժամանում դրանց հետ որեւէ կապ չունեցող անձինք՝ ներկայանալով որպես երաժիշտներ եւ պարողներ: Յուրաքանչյուր անձից իրենց ապօրինի ծառայության համար մեղադրյալները ստանում էին 3000-15 000 դոլար, հաղորդում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:

Միացյալ Նահանգների հյուպատոսական ծառայությանը խաբելու նպատակով Հայաստանում կեղծ պարային համույթների անդամներին լուսանկարում էին ավանդական հայկական պարային զգեստներով, իսկ ԱՄՆ-ում կեղծ համերգներ կազմակերպում՝ պատրաստելով կեղծ ցուցանակներ եւ կեղծ թռուցիկներ:

Դրանից բացի, արդեն Միացյալ Նահանգներ իրենց օգնությամբ ապօրինի ժամանած քաղաքացիներին հավելյալ գումարով մեղադրյալներն օգնում էին երկարաձգել վիզաները՝ հայկական մշակույթի տարածման պատրվակով: Հատկանշական է, որ իրենց ապօրինի գործունեությունը եւ յուրաքանչյուր անձից ստացվող գումարի չափը մեղադրյալները քննարկել են նաեւ «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով:

Թեեւ Big Apple Music Awards Foundation ընկերության կայքում նշված հեռախոսահամարն անջատված էր, «Ամերիկայի ձայն»-ին հաջողվել էր հեռախոսով կապվել մեղադրյալներից մեկի՝ Ստելա Բոյաջյանի հետ, ով հայտնեց, որ հերքում է բոլոր մեղադրանքները եւ խոստացավ իր դիրքորոշումն առավել մանրամասն հաղորդել պաշտպանի միջոցով, ով տեսանյութի եթեր դուրս գալու ժամին մեզ հետ այդպես էլ կապ չէր հաստատել: