Մի իրավիճակ ա ստեղծվել է, որ Սերժ Սարգսյանը պետք ա չորով քցի Կարեն Կարապետյանին


Մի իրավիճակ ա ստեղծվել է, որ Սերժ Սարգսյանը պետք ա չորով քցի Կարեն Կարապետյանին
Փետրվար 8 16:08 2018

Երբ քննարկում ենք Սահմանադրության նոր տեքստի կիրառման հետ կապված հարցերը և անընդհատ ինստիտուտների մասին ենք խոսում, վերջում տեսնում ենք, որ ինչ-որ բաներ իրար չեն կպնում: Այս մասին այսօր ԱԺ խմբակցությունների ելույթի ժամանակ իր խոսքում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. «Երբ մենք խոսում ենք ինստիտուտների մասին, մենք ձև ենք անում, մենք խոսում ենք անձերի մասին: Չէ՞ որ Սահմանադրության մեջ տենց հասկացություն չկա և պարզ ա որ չկա, որովհետև 2015 թվականին դրա անհրաժեշտությունը չկար… 2015 թվին, երբ էս նոր Սահմանադրությունն ընդունվում էր, Հովիկ Աբրահամյանը, որ վարչապետ էր, էն ժամանակ մտածում էր՝ էդ սուպերվարչապետն ինքն ա լինելու, Սերժ Սարգսյանն էլ ասում էր՝ դե, թող Հովիկը տենց մտածի:

Հետո իրավիճակը փոխվեց. Սերժ Սարգսյանը հրավիրեց Մոսկվայից Կարեն Կարապետյանին, ասեց՝ դե հիմա ես հայտարարել եմ` չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին, ուզում եմ իշխանությունը քեզ ժառանգեմ, արի վարչապետ աշխատի: Կարեն Կարապետյանն էլ ասաց՝ հա, ուրեմն էդ սուպերվարչապետը կլինեմ ես: Հիմա էկել ա էդ փոխանցելու պահը, դե հիմա ասում են` Կարեն Կարապետյան ջան, ոնց որ Գալուստ Գրիգորիչը դեմ ա, ֆրակցիան, մեկը, մյուսը, ու ստեղծվել ա մի իրավիճակ, որ պետք ա Սերժ Սարգսյանը չորով քցի Կարեն Կարապետյանին՝ աչքերի մեջ նայելով»:

Իսկ Արմեն Սարգսյանին էլ, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կանչել են, որ գա ու ժպտա մարդկանց. «Հիմա որ էս Սահմանադրության մասին խոսում ենք, սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում ա: Հիմա էս օրենքների մասով` ամեն իրիկուն տանում են կոստյումը, ասում են՝ շեֆ ջան, հլը հագի, տես ո՞նց ա, նա էլ ասում ա՝ դե, էս վարատնիկի ծայրը մի քիչ սուր ա, կարը կլոր արեք…

Արմեն Սարգսյանին էլ բերել են` ուղղակի մարդկանց ժպտուն դեմքով նայի, որ արանքում սղղացնելով մյուս հարցերը լուծեն»: